երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի ցանկությունը էսկալացիայի հասնելն է, մեր խնդիրը դա թույլ չտալն է. Վահագն Ալեքսանյան

Ադրբեջանի ցանկությունը էսկալացիայի հասնելն է, մեր խնդիրը դա թույլ չտալն է. Վահագն Ալեքսանյան

Տարածքներ տալ-չտալը քրեաիրավական որոշակի երևույթներ է պարունակում: ՀՀ իշխանությունները օրենքով ու Սահմանադրությամբ պարտավորված են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ցանկացած գործողություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրենից ենթադրում է քրեաիրավական հետապնդում այդ իշխանությունների նկատմամբ: ՀՀ իշխանությունները չեն կարող տալ ՀՀ-ի ինչ-որ մի տարածք: Առհասարակ նման բան չի կարող տեղի ունենալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ մտահոգություններին:

«Պետք է ճիշտ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Երբ որ ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, թեկուզ Տավուշի մարզի և ադրբեջանական 4 գյուղերի այդ հատվածում, այդտեղ խոսքը նրա մասին է, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ մարտական դիրքերը, որտեղ որ զորքերը կանգնած են համապատասխան սպառազինությամբ, զորատեսակներով, զինատեսակներով, հրետանային միջոցներով, պետք է փոխարինվեն սահմանապահ ծառայությամբ: Պետական սահմանի ռեժիմի պետք է անցնի բուն սահմանի պահպանության իրականացումը, ինչը ենթադրում է ոչ թե անվտանգության նվազեցում, այլ անվտանգության բարձրացում»,- նշեց նա:

«Բոլորիդ աչքի առաջ մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով: Ադրբեջանի քաղաքականությունն ակնհայտորեն տանում է նրան, որ իրենք հասնեն էսկալացիայի»,- անդրադառնալով վարչապետի՝ պատերազմի սպառնալիքի առկայության մասին հայտարարությանը՝ ասաց Ալեքսանյանը:

Նա ընդգծեց, որ սահմանազատումը և սահմանագծումը սկսելը ու դա անելը հիմնավորված է իրավական փաստաթղթերով, բխում է ՀՀ շահերից: Իսկ հնարավոր ռազմական էսկալացիայի ռիսկերը կառավարելու ուղղությամբ ՀՀ Կառավարությունը ու իշխանությունն իրականացնում են քայլեր:

Անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Իսկ արդյո՞ք մենք տեսնում ենք Ադրբեջանի պատրաստակամությունը առհասարակ այդ պրոցեսը սկսելու: Առհասարակ Ադրբեջանն ուզո՞ւմ է պրոցեսը սկսի, թե՞ չի ուզում: Այդ հարցի պատասխանը չունեմ»,- նշեց պատգամավորը:

Խոսելով Ադրբեջանի հետ բանակցություններից՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Բանակցություններն ընթանում են: Թույլ տվեք կոնկրետ հանձնաժողովների աշխատանքի մասին հանրային չխոսեմ: Բանակցությունները՝ բանակցություններ, բայց հանրային տիրույթում էլ կա խոսույթ, ու այստեղ պետք է կարևոր մի բան հասկանալ, որ Ադրբեջանի ցանկությունը, գուցե ինչ-որ այլ ուժի դրդմամբ, այն է, որ ինքը հասնի էսկալացիայի, ու մեր խնդիրը՝ որպես ՀՀ իշխանություն, դա թույլ չտալն է, կառավարելն է այդ ռիսկը»:

  • Կիսվել: