ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին. Վարչապետ

Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի  մեկանարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձավ վերջին օրերինսահմանային լարվածությանը։

«Սահմանին տեղի ունեցածի պատճառով Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ անհեթեթ են․

«Ադրբեջանը հարձակվեց այն ժամանակ , երբ Հայաստանը ներգրավված էր Լեռանային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ»։

Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին,-արձանագրեց Կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում  էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով․

«Հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը մերժեց ուժի սպառնալիքը ոչ միայն դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտահայտում ուժերի իրական հարաբերակցությունը»։

Կառավարության ղեկավարը պնդեց՝ մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը։

Նիկոլ Փաշինյանը չմոռացավ արձանագրել նաև հայ հասարակության համախմբվածության և Զինուժին ու Կառավարությանը աջակցելու հանգամանքը․

«Սփյուռքի մեր հայրենակիցները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև Ատոմայականը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը, պնդեց՝ այս սպառնալիքը պետք է  դառնա միջազգային քննության առարկա, քանի որ իր ցույց է դնում Ադրբեջանի՝ ահաբեկչական պետություն լինելու հանգամանքը։

Ըստ վարչապետի՝ միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե իրավիճակը հանդարտեցնել , այլ մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր․

«Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք երկրներում և ավանդական հակահայկական քաղաքաղաքականությունը , որը արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքիայի այս գործելակերպը անականկալ չէր, բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության վերանայման անհրաժեշտություն»։

Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց՝ Ադրբեջանը ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի վրա։

«Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակչությանը և ենթակառուցվածքներին, Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»։

  • Կիսվել: