չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ադոնց. Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր՝ ստեղծված ատոմային մեթոդների հիման վրա

Ադոնց. Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր՝ ստեղծված ատոմային մեթոդների հիման վրա

Միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստան են բերվում COVID-19-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ առողջապահական նյութեր, սարքավորումներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Ապրիլին Պեկինից իրականացված առաջին չվերթի ժամանակ Հայաստան են ներկրվել ՀՀ կառավարության կողմից ձեռք բերված բժշկական պարագաներ, իսկ երկրորդ չվերթի ժամանակ՝ պաշտպանիչ նյութեր, հագուստ, դիմակներ։ Դա միջազգային դոնորների՝ WFP-ի միջազգային պարենի ծրագրի արդյունքում իրականացված գործողություն էր, սակայն ֆինանսավորումը հիմնականում իրականացվել էր մեր հայրենակիցների կողմից՝ Էդուարդո Էռնեկյանի, «Իմ քայլը»  հիմնադրամի, «Իզմիրլյան», «Սուրբ Սարգիս« հիմնադրամների, ՀԲԸՄ-ի և այլն, որոնք հնարավոր դարձրին անհրաժեշտ իրերի տեղ հասցնելը Հայաստան»,- նշեց Ավետ Ադոնցը՝ հավելելով, որ դրանով գործընթացը չի սահմանափակվում։

Նա նաև կարևորեց  ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքը Պեկինում, որն ապահովեց այդ գործողությունների համակարգումը, պահեստավորումը, մաքսային ռուտինային աշխատանքները։

Ավետ Ադոնցը նշեց նաև, որ 1,5 մլն դոլար աջակցությանը ԱՄՆ կառավարությունը ավելացրել է ևս 600 հազար դոլար:

Բացի այդ, ըստ նրա, իրականացվելու է 6 մլն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագիր ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ըստ որի, Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են արդյունքները:

Ավետ Ադոնցը ցուցաբերված օգնության համար շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին, Հնդկաստանին, Իրանին. ՄԱԶԾ-ին և այլ երկրներին, միջազգային կազմակերպություններին:

  • Կիսվել: