Եվրամիությունում դժգոհ են Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացիների վերաբերյալ պայմանավորվածությունից․ Euronews
Euronews-ի տեղեկություններով՝ Ուզբեկստանի և Ֆրանսիայի իշխանությունները կուլիսային պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի՝ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը կհանվի պատժամիջոցների ցուցակից՝ Ադրբեջանում բանտարկված Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակման դիմաց։
Այս գործարքը վրդովմունք է առաջացրել ԵՄ անդամ մի շարք պետություններում, որոնք մտահոգված են դրա ստեղծած հնարավոր նախադեպով:
ԵՄ երկրների դեսպանները մոտենում են համաձայնության կայացմանը, որը կհանգուցալուծի ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու Ֆրանսիայի պահանջի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը։ Սա այն փաթեթի շրջանակներում է, որը կարող է հանգեցնել Ադրբեջանում բանտարկված Ֆրանսիայի երկու քաղաքացիների ազատ արձակմանը։
Իռլանդիան, որը ռոտացիոն կարգով վեց ամիս նախագահում է ԵՄ Խորհուրդը, փոխզիջումային տարբերակ է առաջարկել՝ ցուցակից հանել Ուսմանովին և մեկ այլ ռուս գործարարի՝ Միխայիլ Ֆրիդմանին, իսկ դրա դիմաց աննախադեպ կերպով՝ միանգամից 36 ամսով երկարաձգել պատժամիջոցների ռեժիմը՝ ապագայում նմանատիպ փակուղիներից խուսափելու համար։ Այս մասին Euronews-ին հայտնել են դիվանագետները։
Դեսպանները հանդիպել են երկուշաբթի առավոտյան, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Նրանք պետք է կրկին ավելի ուշ հավաքվեն, քանի որ համաձայնության հասնելու պահանջն ու ճնշումը գնալով մեծանում են։
«Հնարավոր գործարքի ուրվագծերն արդեն տեսանելի են», - նշել է դիվանագետներից մեկը։
Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը բանակցությունները հասցրել է ճգնաժամային կետի. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ մեղադրվող ավելի քան 2600 անհատների և կազմակերպությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցների ժամկետը կլրանա երեքշաբթի կեսգիշերին, եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի։
Պատժամիջոցները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ երկարաձգելու համար պահանջվում է անդամ երկրների միաձայն աջակցությունը։
Մի քանի օր տևած խորհրդակցություններից հետո դիվանագետները պատրաստվում են այն ելքին, որ Ուսմանովը դուրս կբերվի ցուցակից, թեև այդ հեռանկարը քաղաքական տեսանկյունից շատերի համար խիստ դժվար ընդունելի է:
«Այժմ բազմաթիվ տարբերակներ են քննարկվում», - նշել է երկրորդ դիվանագետը։
Արդեն երկու տարի է, ինչ Ուզբեկստանը թյուրքական այլ պետությունների հետ համատեղ լոբբինգ է անում՝ Ռուսաստանի և Ուզբեկստանի քաղաքացիություն ունեցող Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու համար՝ դիմելով ԵՄ կառույցներին և անդամ մի քանի պետությունների։
Նրա փաստաբանները նույնպես ակտիվորեն պայքարում են նրան ցուցակից հանելու համար։
Պայմանավորվածության շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ներման հրամանագիր ստորագրի։
ԵՄ-ն Ուսմանովին ներառել էր պատժամիջոցների ցանկում լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած նրա «սերտ կապերի» և ռուսական տնտեսության «առանցքային ոլորտներում» ունեցած շահերի համար, որոնք պետությանը «զգալի» եկամուտ են ապահովում։
73-ամյա գործարարը հերքում է այս մեղադրանքները։
Ֆրանսիան պաշտոնապես չի հաստատում հնարավոր փոխանակումը, իսկ ֆրանսիացի պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը՝ բավարարվելով ազգային անվտանգության հարցերին հղում անելով և մանրամասներ չհրապարակելով։
2024 թվականի սեպտեմբերից Փարիզը զգուշացնում է ձեռնպահ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ «ձերբակալության, կամայական կալանավորման և անարդար դատավարության վտանգի» պատճառով։
«Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների պահպանումը երաշխավորված չէ»,- ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նախազգուշացման մեջ, որը շարունակում է ուժի մեջ մնալ։
Մինչ Բրյուսելում բանակցությունները ձգձգվում են, Ուկրաինան կոչ է արել դաշնակիցներին սև ցուցակում թողնել և՛ Ուսմանովին, և՛ Ֆրիդմանին։
«Ինչպե՞ս կարելի է լրջորեն քննարկել պատժամիջոցների վերացումը, քանի դեռ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է», - երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահի պատժամիջոցների հարցերով խորհրդական Վլադիսլավ Վլասյուկը։
«Պատժամիջոցների չեղարկումն առանց վարքագծի արմատական փոփոխության միանգամայն սխալ ազդակ է հղում. այն, որ ճնշումը ժամանակավոր է, պատասխանատվության շուրջ կարելի է բանակցել, իսկ պատժամիջոցներին կարելի է պարզապես սպասել ու դիմանալ»։



