ԱԱԾ-ն մաքրվելու է դավաճաններից, սպայի պատիվը արատավորողներից. Էդուարդ Մարտիրոսյան
ԱԱԾ-ն մաքրելու ենք դավաճաններից: Այս մասին այսօր ԱԺ-ում ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ պայքարի հարցում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագրի քննարկմանն ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։
Պատգամավորը հարցրեց, թե վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ նախկինում իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին և առաջնորդվել են այլ հաշվարկներով ու հանձնարարություններով, արդյոք այս ուղղությամբ ԱԱԾ-ն քայլեր ձեռնարկե՞լ է, բացահայտվե՞լ են դավաճանները:
«Դա ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար ԱԱԾ-ում արվում է: Մենք կմաքրվենք այն անձանցից, որոնց պետք է մաքրենք, ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու, ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։
ԼՎԿ-ական պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերվում էր կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարում խոչընդոտ ստեղծած անձանց, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ հենց դրա մասին ունենան տվյալներ, կտեղեկացնեն: