ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներ

ԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստում քննարկվել են ԵԱՏՄ-ի հետագա զարգացմանը, տնտեսական ինտեգրման խորացմանը և միության ինստիտուտների գործունեության կատարելագործմանը վերաբերող հարցեր։

Նիստում հավանության է արժանացել ԵՏՀ-ի զեկույցը ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների իրականացման ընթացքի վերաբերյալ։ Նշվել է, որ սեփական արտադրության պարենով ապահովվածությունը մնում է բարձր մակարդակի վրա, իսկ մի շարք ապրանքների դեպքում գերազանցում է 90 տոկոսը։ Զեկույցի հիման վրա ներկայացվել են պարենային անվտանգության մեխանիզմների բարելավման առաջարկներ։

Հաստատվել և անդամ պետություններին է ուղարկվել ԵԱՏՄ շրջանակում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագիծը, որը սահմանում է լիցենզիայի տրամադրման, հետկանչման, ինչպես նաև դիմորդների և լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ պահանջները։

ԵՏՀ խորհուրդը նաև հավանություն է տվել 2025 թվականին ներմուծման մաքսատուրքերի գումարների՝ ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև բաշխման վերաբերյալ տարեկան հաշվետվությանը և Միության 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը։

Շարունակվում է ԵԱՏՄ-ում ապրանքների նույնականացման միջոցներով մակնշման համակարգի զարգացումը։ Արդեն ընդունվել են 30 ապրանքային խմբի համար միասնական («միութենական») մակնշում ներդնելու որոշումներ։ Հաստատվել է նաև հանձնարարականի նախագիծ, որի շրջանակում կմշակվեն մակնշվող ապրանքների շրջանառության օրինականության ստուգման միասնական մեխանիզմներ։

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններում՝ նախատեսելով նաև չափման միջոցների կալիբրավորման արդյունքների փոխադարձ ճանաչման հնարավորություն։

Հավանության է արժանացել նաև սառնարանային սարքավորումների արտադրության հզորությունների ստեղծման կոոպերացիոն նախագիծը, որը կֆինանսավորվի ԵԱՏՄ բյուջեից։

Խորհուրդը նաև որոշել է, որ ԵՏՀ-ն և անդամ պետությունների լիազորված մարմինները բժշկական արտադրանքի կարգավորման գործընթացում կկիրառեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ընդունված պատշաճ կարգավորող գործելակերպերը։ Նախաձեռնությունն առաջադրել էր ռուսական կողմը։

  • Կիսվել: