Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Արարատի և Լոռու մարզերում մասնակցել է հանրային քննարկման` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Լոռու մարզում հանրային քննարկման թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագիծն էր, որով նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։
Արարատի մարզում նախատեսվում է ձևավորել Արարատ համայնք, որում ներառվելու են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանրային քննարկման ընթաքում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները։
Փոխնախարարը նշել է, որ համայնքների միավորման նպատակն է ձևավորել առավել արդյունավետ և կենսունակ համայնքներ։
Ինչպես նաև համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։
Հանրային քննարկմանը ներկա էին համայնքների ղեկավարներ, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանրային քննարկումների ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։



