երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք

Հանրային դաշինք՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնությունը տարածել է հայտարարություն հայտարարությունը 9-րդ գումարման Ազգային ժողովի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Այս կազմով ձևավորված Ազգային ժողովը չի արտահայտում ՀՀ քաղաքացիների իրական քաղաքական կամքը և ունի լեգիտիմության լրջագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են թե՛ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրված իշխանության ձևավորման կառուցակարգերով, թե՛ 2026 թվականի ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում տեղի ունեցած խախտումներով։

Առաջին խնդիրը հենց գործող սահմանադրական համակարգի կառուցվածքում է։

2026 թվականի ընտրություններին ընտրելու իրավունք ուներ 2,503.990 քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 726,819 քաղաքացի՝ ընտրություններին մասնակցածների 49.75%-ը և ընտրելու իրավունք ունեցողների մոտ 29%-ը: Արդյունքում այն քաղաքական ուժը, որը չի ստացել ո՛չ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30%-ի, ո՛չ էլ ընտրություններին մասնակցածների 50%-ի աջակցությունը, առաջիկա հինգ տարիներին իր խորհրդարանական մեծամասնության միջոցով վերահսկելու է օրենսդիր և գործադիր իշխանությունները։ Այն որոշիչ դեր է ունենալու նաև բարձրագույն դատական ատյանների, Դատախազության, Կենտրոնական բանկի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քննչական մարմինների, ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի և այլ իրավապահ և ուժային կառույցների ձևավորման հարցում։

Այսպիսով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից պակաս աջակցություն ստացած քաղաքական ուժն առաջիկա հինգ տարիներին որոշիչ ազդեցություն է ունենալու պետական իշխանության գրեթե ամբողջ համակարգի գործունեության վրա։

Երկրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման և արդյունքների ամփոփման հետ։ Այդ ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց գագաթնակետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի որոշումն ու Սահմանադրական դատարանի կողմից դրա վավերացումն էին։ Դրա հետևանքով ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունքից։

Երրորդ խնդիրը կապված է ընտրությունների անցկացման անհավասար ու անարդար պայմանների հետ. ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, անմեղության կանխավարկածի խախտումներ,  բռնություններ, ինչպես նաև արտասահմանից ժամանած` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ընտրության իրավունքի վարկաբեկումներ ու անօրինական պատիժներ, դիտորդական առաքելությունների սահմանափակումներ:

Այս իրավիճակում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունն ունի կարևոր առաքելություն. թեև օրենսդրությամբ նրան վերապահված հնարավորությունները սահմանափակ են, դրանք պետք է օգտագործվեն ամբողջությամբ և հետևողականորեն։

Ակնկալում ենք, որ ընդդիմությունը չի սահմանափակվի շարքային հայտարարություններով։ Այն պետք է իր քաղաքական և իրավական ամբողջ գործիքակազմը ծառայեցնի Հայաստանի Հանրապետության կենսական շահերի պաշտպանությանը։

«Հանրային դաշինքը» ևս շարունակելու է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանում վերացնել միահեծան իշխանության համակարգը և ձևավորել այնպիսի սահմանադրական և քաղաքական կարգ, որը կբացառի հնարավորությունը, երբ ընտրելու իրավունք ունեցողների 30%-ից և ընտրություններին մասնակցածների 50%-ից պակասի աջակցությունն ստացած որևէ քաղաքական ուժ հինգ տարի շարունակ միանձնյա վերահսկի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոշիչ ազդեցություն ունենան դատական իշխանության, անկախ պետական մարմինների և իրավապահ համակարգի ձևավորման վրա։

«Հանրային դաշինք»՝ իշխանությունների հակակշռման համար նախաձեռնող խումբ

Աննա Կոստանյան

Արսեն Թավադյան

Գոռ Պլուզյան

Հայկ Դորունց

Հովհաննես Իշխանյան

Ռուբեն Հարությունյան

Վարդան Հարությունյան

Տարոն Նահապետյան

  • Կիսվել: