շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
560 մլն՝ ընտանեկան բռնության զոհերի հսկողության համար․ ՆԳՆ-ն խոշոր գնում է կատարելու

560 մլն՝ ընտանեկան բռնության զոհերի հսկողության համար․ ՆԳՆ-ն խոշոր գնում է կատարելու

Ազգային ժողովը քննարկում  է «Ընտանիքում բռնության  կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված  անձանց  պաշտպանության և ընտանիքում  համերաշխության վերականգնման  մասին» օրենքում լրացումներ  կատարելու  մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնութան ենթարկված  անձանց, այսինքն՝ զոհերի  պաշտպանության երկու հիմնական  մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման:

Նա ասաց, թե առաջարկվում է այս երկու խումբ  որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև  էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետև միջազգայն  պրակտիկան թույլ է տալիս նշել, որ  ընտանիքում բռնության զոհ դարձած  անձանց  դեպքում, եթե կիրառվել է անհետաձգելի միջամտության մասին կամ պաշտպանության մասին որոշում, շատ ավելի  հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել:

«Սա ենթադրում է, որ  բռնարարի ու զոհի մոտ պետք է  տեղադրվի էլեկտրոնային հսկողության  սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն  կուղարկի իրավասու մարմնին», - նշեց Սարգսյանը:
Սարքավորումների ձեռբքերումը պահանջում է որոշակի  ֆինանսական  միջոցներ. շուրջ  200 ձեռնաշթղայի հավաքածու ձեռք բերելու  համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ ո՞նց է աշխատելու էլեկտրոնային հսկողության  սարքը, ինչպե՞ս են ոստիկանության աշխատողները ստանալու ահազանգը:

ՆԳ փոխնախարարը պարզաբանեց, որ բռնարարի ձեռքին  կամ ոտքին համապատասխան շղթա կլինի,  շղթա կլինի նաև բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում  հնարավոր լինի ազդակ ստանալ:

Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողութան  միջոցների կիրառմամբ:

  • Կիսվել: