շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
5-րդ շարասյունը կա քաղաքական, լրատվական ասպարեզում. այդ 5-րդ շարասյան գլուխը պետք է ջարդվի. Վահագն Ալեքսանյան

5-րդ շարասյունը կա քաղաքական, լրատվական ասպարեզում. այդ 5-րդ շարասյան գլուխը պետք է ջարդվի. Վահագն Ալեքսանյան

Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր ընդդիմությունը կարծում, որ 5-րդ շարասյունը գործել է բացառապես բանակում, թույլ տվեք ասեմ, որ միայն բանակում չի գործել, քաղաքական ասպարեզում կա, լրատվական ասպարեզում կա։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորը նշեց, որ 5-րդ շարասյան մասին վարչապետի արտահայտությունը բուռն զայրույթ է առաջացրել.«Չգիտես ինչու, երբ հաղորդագրություն է եղել քրեական գործի վերաբերյալ, որ եղել է բարձունք, որն ադրբեջանցիները գրավել են, հետո մեր զորքերը հետ են գրավել, մի հրամանատար գնացել, ասել է թողեք իջեք, մերոնք իջել են,ադրբեջանցիները նորից եկել են: Երբ այդ դեպքը տեղի է ունեցել, չգիտես ինչու մամուլի մի հատված, որն առավոտից երեկո զբաղված է մեզ քննադատելով, սկսել է պաշտպանել այդ հրամանատարին, որն ասել է:

Ոչ մեկի համար նորություն չէ, որ կա դրվագ, որ մեղադրանք է առաջադրված մի հրամանատարի, ով  պատշաճ չի կազմակերպել Շուշիի պաշտպանությունը, բայց չգիտես ինչու՝ այն մարդիկ, որոնք առավոտից երեկո մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, սկսել են պաշտպանել կոնկրետ այդ մեղադրվող մարդուն: Քրեական գործերում կան մի շարք դրվագներ, որ տարբեր հրամանատարներ թե՛ իրենց զորքերին, թե՛ հարակից զորքերին՝ գնացել ասել են Նիկոլը հողերը տվել է, թողե՛ք, փախե՛ք, սա մսաղաց է փրկվեք:

Կա հստակ համոզմունք, որ այս ինչ-որ գերակտիվ ինդիվիդումներ չեն, որոնք հանկարծ որոշեցին առավոտն արթնանանալ ու այս դավաճանական գործողություններն անել, ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է, որ սա ցանց է, որ սկսվել է մի կետից, և այդ մի կետը չի սկսվել Հայաստանից, այդ կետն ունի իր տարբեր արմատները գցած թե՛ լրատվական, թե՛ քաղաքական դաշտում ու այդ սինխրոնացված գործողությունները եղել են ու այո, դա 5-րդ շարասյան գործունեությունն է, այո, այդ 5-րդ շարասյան գլուխը պետք է ջարդվի, իսկ ովքեր վարչապետի երեկվա հայտարարությունից ընկել են սուր հոգեվարքի մեջ, ես կարծում եմ, որ առնվազն շատ հետաքրքիր ազդակներ են տալիս իրենց առնչության մասին այդ 5-րդ շարասյան հետ կապված»:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի իրենց թիմակիցներին եռամսյա հավաքներին տանելու վերաբերյալ հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Մանուկյանն ասում է՝ ընդդիմադիրներին տարել եք եռամսյա հավաքների, է մերոնցից էլ են տարել, բայց մենք չենք գալիս այստեղ բողոքում, ասում, որ մեզ տարել են եռամսյա հավաքների, մեր կուսակցության անդամ երիտասարդների էլ են տարել»:

  • Կիսվել: