շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
30 տարվա դիվանագիտական հարաբերությունը խոսում է նաև 30 տարվա ընկերության մասին. Ուրուգվայի դեսպան

30 տարվա դիվանագիտական հարաբերությունը խոսում է նաև 30 տարվա ընկերության մասին. Ուրուգվայի դեսպան

Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկն ընդգծում է, որ Հայաստանն ու Ուրուգվայը իրականացնում են մի շարք քայլեր երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Մայիսի 27-ին նշում լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը շեշտեց, որ  Ուրուգվայը շատ կարևորում է երկու երկրների միջև հարաբերություները: «30 տարվա անխափան  դիվանագիտական հարաբերությունները խոսում են նաև 30 տարվա ընկերության մասին»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը պատմական իրադարձություն էր, քանի որ մինչ այդ Ուրուգվայը երբեք  Հայաստանում քաղաքական ներկայացուցչություն չի ունեցել:

«Եվ  ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ընկերությունն էլ ավելի ամրապնդվելու է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության երկար սպասված բացմամբ, ինչի շնորհիվ հիմք կդրվի էլ ավելի ամուր և երկարատև հարաբերությունների»,- ասաց Էդուարդո Ռոսենբրոկը:

Ուրուգվայն առաջինն է պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Դեսպանն ընդգծում է, որ  Ուրուգվայը, լինելով փոքր երկիր, բայց միաժամանակ ունենալով շատ մեծ և ակտիվ հայկական սփյուռք, որպես մարդասիրական ժեստ արել է այդ քայլը:

«Հայոց ցեղասպանությունը ընդունելը շատ կարևոր քայլ էր, և Ուրուգվայից  շատ մեծ ջանքեր պահանջվեց  դա անելու համար: Ուրուգվայը առաջինն էր, որը, կարելի է ասել, քայլ արեց, որպեսզի հիմք դրվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը  և օրինակ ծառայեց մնացած երկրների համար: Մեր երկիրը  հետագայում նույնպես շարունակելու է և ամեն կերպ  աջակցելու է Ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց նա:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Միջոցառման ընթացքում Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին  Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր:

  • Կիսվել: