երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
COP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խnչընդnտnղ հանգամանքների ցանկը

COP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խnչընդnտnղ հանգամանքների ցանկը

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«COP17-ի արտասահմանյան մասնակիցներին ուղղված հայտարարությունը լայն տարածում գտավ (մեկնաբանություններում կդնենք նորից հղումը), սակայն չտարածվեց այդ հայտարարությանը կից տեղեկանքում զետեղված նյութը, որը քննարկում է այն խոչընդոտները, որոնք խանգարում են կենսաբազմազանության պահպանության օրակարգին Հայաստանում։ Որոշել ենք, մաս-մաս ներկայացնել այդ նյութը։ Ահա վերնագրերից մեկը․ (լուսանկարում՝ Սև լիճ)

«Հայաստանում Կենսաբազմազանության գլոբալշրջանակի 23 թիրախների կենսագործմանը խոչընդոտում են հետևյալ հանգամանքները․

պատերազմները, որոնք ոչ միայն խլում են մարդկային կյանքեր, տեղահանում բնիկ ժողովուրդներին (մեր դեպքում՝ 2023 թ․ աշնանը ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիներին), այլև հանգեցնում են բազմաթիվ տեսակների անհետացմանը, էկոհամակարգերի խաթարմանն ու երկարատև թունավորմանը, ինչպես նաև խժռում են հանրային ֆինանսները [ամփոփագրից]

2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցի մի մասի օկուպացումից հետո 2023թ․ ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար հատվել է 60 հա անտառ, ավերվել են թփուտներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են պահպանության ամենախիստ ռեժիմ ունեցող այս ԲՀՊՏ-ի 90 հեկտարի վրա։

2022թ․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վրա ադրբեջանական հարձակման արդյունքում օկուպացվել է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի մի մասը։

2021թ․ օկուպացվել է Սյունիքի մարզի «Սև լիճ» պետական արգելավայրի տարածքը։

Չնայած սրան, պաշտոնապես դեռ համարվում է, որ ՀՀ ԲՀՊՏ-ների տարածքը կազմում է երկրի 13.1 տոկոսը։

2020թ․ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մոխրացել է 1850 հա անտառ, որը որոշ պնդումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր արգելված զինատեսակի կիրառման արդյունք է։ Անտառային հսկա այս տարածքի ոչնչացումը մինչ օրս չի հետազոտվել։

Պատերազմի օրերին Հայաստանի բնապահպանական հանրության՝ էկոցիդը կանխելու կոչը մնացել է անպատասխան։

Պատերազմի սպառնալիքը նաև չարաշահվում է, որպեսզի առաջ մղվեն հանքակորզիչ ծրագրեր։

Վերը նշված Ամուլսարի ծրագիրը երկարամյա դիմադրությունից հետո հարկադրաբար իրականացնելու արդարացումների շարքում Հայաստանի պաշտոնյաները հաճախ են հիշատակում, թե որպես ամերիկյան կապիտալ, այն կպաշտպանի երկիրը զինված հարձակումից»»։

  • Կիսվել: