հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եռակողմ փաստաթղթերը կայուն, ամուր հիմք են բոլոր խնդիրների կարգավորման համար. Լավրով

Եռակողմ փաստաթղթերը կայուն, ամուր հիմք են բոլոր խնդիրների կարգավորման համար. Լավրով

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո կայացել է Լավրով-Բայրամով մամուլի ասուլիսը: Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է.

«Մանրամասն քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերի ամբողջ համալիրը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև ստորագրված եռակողմ պայմանագրերի շրջանակում: Մեր խորին համոզմամբ՝ այդ փաստաթղթերը կայուն, ամուր հիմք են բոլոր խնդիրների կարգավորման հարցում, ներառյալ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Այս բոլոր ուղղություններով Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին: Խոսել ենք տարածաշրջանային խորհրդակցական «3+3» ձևաչափով հարթակի գործունեության մասին, ի նկատի ունենալով երեք հարավկովկասյան հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա: Առաջին հանդիպումը կայացել է, այժմ աշխատում ենք հերթական միջոցառման ուղղությամբ, համաձայնեցնում ենք ժամկետներն ու օրակարգը»:

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նույնպես անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և նշել.

«Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել հետպատերազմական իրավիճակին մեր տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Ադրբեջանի իշխանությունը բարձր է գնահատում այս հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք եռակողմ հայտարարությունների կատարումը, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է համաձայնագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո կայացել է բանակցությունների երկու փուլ։ Տեղեկացնեմ նաև, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին: Հույս ունենք, որ մինչև տարեվերջ կանցկացվի խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: