հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
21–րդ դարը մերն անելու համար պետք է այնպես աշխատել Հայաստանի համար, որ այլևս զոհվելու կարիք չլինի. Արամ Սարգսյան

21–րդ դարը մերն անելու համար պետք է այնպես աշխատել Հայաստանի համար, որ այլևս զոհվելու կարիք չլինի. Արամ Սարգսյան

Վազգեն Սարգսյանը ոչ թե կորստի, վշտի, այլ հաղթանակների, ձեռքբերումների համախմբման, ուժի խորհրդանիշ է։ Առավոտյան նայում էի համացանցը՝ բազմաթիվ գրառումներ կային, Վազգենից մեջբերումներ, Վազգենը նաև շնորհալի գրող էր, խոսքի, բառի իմաստը հարգող ու գնահատող, և իհարկե, բազմաթիվ ասած լավ խոսքեր ունի, բայց ամենաուժեղ խոսքը, որ Վազգենն ասել է և ես անընդհատ ուզում եմ, որ կրկնվի, հետևյալն է՝ 21–րդ դարը մերն է լինելու։ 

Այս մասին այսօր Եռաբլուրում՝ Սպարապետի ծննդյան 64–ամյակի կապակցությամբ այցի ժամանակ 24News.am—ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Ես ուզում եմ, որ մենք Վազգենի ծնունդին հավատալով գրենք, որ 21–րդ դարը մերն է լինելու, այնպես ինչպես Վազգենի այդ խոսքին քառօրյա պատերազմում հավատացին Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, կամ Տարոն Անդրեասյանը, ով մեն–մենակ որոշեց չհանձնվել ու գնալ հարյուրապատիկ ավելի թշնամու դեմ, կամ Ալբերտ Հովսեփյանը։ Գիտեք, այս տղերքին ու Վազգենին միավորող մի բան կա՝ սեփական եսը զրոյացնել ու հայրենիքի համար ամեն ինչ անել»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ 21–րդ դարը մերն անելու համար պետք է այնպես աշխատել Հայաստանի համար, որ այլևս զոհվելու կարիք չլինի․ «Մենք պարտք ունենք անելու, որ այլևս զոհվելու կարիք չլինի»։

  • Կիսվել: