ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021 թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյան

2021 թ. տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով․ Տիգրան Խաչատրյան

2021 թվականի տնտեսական աճը, որն սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: Տնտեսության աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Աճի կեսն ապահովել են կացության և սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ, շինարարության աճինը՝ 0.2 տոկոսային կետ: Գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա, ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով: Ընդ որում՝ անասնաբուծությունն աճել է, սակայն բուսաբուծության կրճատումն ավելի մեծ չափով է ազդել ընդհանուր արդյունքի վրա»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ համախառն պահանջարկի ավելացումը զգալիորեն պայմանավորված է եղել սպառման աճով: Նա նշեց նաև, որ հիմնական միոջոցներում կապիտալ ներդրումներն աճել են 7.7 տոկոսով: Ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 16.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.9 տոկոսով:

«Տնտեսական վերականգնման նշված ընթացքին մեծապես նպաստել է համաշխարհային և հատկապես մեր գործընկեր պետությունների տնտեսություններում արձանագրված տնտեսական աճը: Մասնավորապես, 2021-ին ԱՄՆ տնտեսությունն աճել է 5.6 տոկոսով: Այս հանգամանքը մենք շեշտում ենք, քանի որ տարվա ընթացքում մեծ չափով ավելացած են եղել ԱՄՆ կողմից ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումները:

Եվրագոտու տնտեսություններն աճել են 5.2 տոկոսով: Այս հատվածը հատկապես կարևոր է մեր ֆինանսական կազմակերպությունների համագործակցության տեսանկյունից:

ՌԴ տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս: Մենք մեծ չափով ներմուծում ենք առաջնային նշանակության սպառման ապրանքներ, ինչպես նաև իրականացնում ենք ապրանքներիր արտահանում դեպի Ռուսաստան:

Իսկ Չինաստանինը` 8.1 տոկոս: Չինաստանը հանդիսանում է հիմնականում մետաղական խտանյութերի գնորդը»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: