ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2021-ին ասում էիք՝ «անջատում հանուն փրկության». չի ստացվո՞ւմ, որ անկեղծ չեք այն 680 հազարի հանդեպ. հարց՝ Փաշինյանին

2021-ին ասում էիք՝ «անջատում հանուն փրկության». չի ստացվո՞ւմ, որ անկեղծ չեք այն 680 հազարի հանդեպ. հարց՝ Փաշինյանին

Ցանկացած պահի ինչ ասում եմ՝ ես լիարժեք անկեղծ եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց. «Դուք հայտարարում էիք, որ գուցե իմ մեղավորությունը եղել է այն, որ մինչեւ պատերազմը չեմ ասել, որ սա վերջացած խաղ է, ոչինչ անել չեմ կարող: Այս առումով դուք զղջում եք եւ կարծում եք, որ ճիշտը անկեղծ ասելն էր, սակայն 2020-ի պատերազմից հետո 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ առաջ էիք քաշում «փրկություն հանուն փրկության» բանաձեւը, նշում էիք, որ Հադրութը եւ Շուշին օկուպացված է, եւ չէիք ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու  որեւէ հնարավորություն չունի, ինչն ասում եք հիմա: Չի՞ ստացվում, որ նորից անկեղծ չեք այն 680 հազար քաղաքացիների  հանդեպ, որոնք ընտրել ենք ձեզ՝ ակնկալելով Արցախի հարցի հայանպաստ լուծում»:

Ի պատասխան վարչապետը հայտարարեց. «Ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, մի նախադասություն, որն ասելու ժամանակ անկեղծ չեմ եղել: Այդ նախադասությունների մի մասը կարող էր լինել չափից ավելի էմոցիոնալ, պարունակել տվյալներ, որոնք հետ պարզվեին, որ մի քիչ պլուս-մինուս կա, բայց մինեւ այս պահը չկա մի նախադասություն, որի դեպքում լիարժեք անկեղծ չեմ եղել: Մեր հրապարակային ելույթներում ոչ մի թակարդ ու ոչ մի կեղծիք չկա:

2022-ի ապրիլին հանդես եմ եկել ելույթով, որից հետո ընդդիմությունը մեկնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու քաղաքական պայքար եւ հանրությունից աջակցություն չի ստացել:

Նախ ես 2021-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես եմ եկել հայտարարությամբ եւ ասել եմ, որ 2021-ի քարոզարշավը շատ ակտիվ քարոզարշավ է ստացվել եւ սովորաբար այնպես է լինում, որ քաղաքական ուժերը ասողի դերում են լինում, իսկ հանրությունը՝ լսողի: 2021-ի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ քաղաքացիները հավասար ասողի դերում էին, համենայնդեպս, իմ բոլոր շփումներում ես դա տեսել եմ: Խաղաղության օրակարգը ձեւավորվել է այդ շփումների ընթացքում: Մաջորդը, մենք այն, ինչ այսօր ասում ենք, ասում ենք մեր նախընտրական խոստումների հետեւից գնալու արդյունքում, դրանց իրագործման մեր պատկերացրած ճանապարհով գնալու արդյունքում:

Ասում եք՝ «անջատում հանուն փրկության»: Անջատում ումի՞ց: Այսինքն մեր խնդիրը միշտ եղել է դա, որ երբ արձանագրել ենք ճշմարտության կամ բանաձեւի մի հատվածը միայն: Հիմա անջատում ումի՞ց: Եթե որեւէ բանաձեւ մենք արհամարհած լինեինք, մենք այս հարցերի գենետիկ կամ բջջային մակարդակով հասնելու անհրաժեշտությունը չէինք ունենա, կմնայինք կարգախոսների մակարդակում: Մենք գնացել ենք այդ կարգախոսների հետեւից եւ արձանագրել ենք իրողություններ, նրբություններ, որոնց մասին խոսում ենք: Մենք հիմա վերանայում ենք նաեւ մեր անցած ճանապարհը, թե ինչը պետք է այլ կերպ անեինք, որ գուցե չենք արել: Դրանում էլ համոզված չենք: Բայց խնդիրն այն է, որ մենք շատ կարեւոր ենք համարում քաղաքացու, ժողովրդի հետ զրույցը եւ դրանում մաքսիմալ անկեղծ ենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա կոչ արեց համեմատել աշխարհաքաղաքական իրավիճակը 2021-ի հունիսին եւ այսօր. « Միջազգայնորեն տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-10-րդ սկզբունքը, դրանից հետո նոր մյուսները հերթով շարվում են: Չնայած այնպես չէ, որ նախկինում էլ հարաբերակցությունն այդպիսին չի եղել:

Ես ինքնորոշմանն անդրադարձել եմ, ինքնորոշում որտեղի՞ց: Ես նաեւ խոսել եմ 1990-ականների հայեցակարգի մասին, նաեւ 2007-ին մադրիդյան սկզբունքներով արձանագրված հայեցակարգի մասին: 2007-ին, օրինակ, խելացի կամ գուցե խորամանկ կլիներ, կանգնել եւ բանակցային փաթեթը կարդալ: Բայց դա կլիներ միջազգային սկանդալ եւ բանակցությունների ավարտ, որովհետեւ կնշանակեր, որ  բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է եւ այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար:

Բայց նաեւ կա  սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը: 2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում  ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ: Ասենք, օրինակ, պատերազմը  բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես եւ մենք չէինք կարող դա անել, որովհետեւ դա առնվազն նշանակում էր արձանագրել մ,ի քանի տասնամյակ ՀՀ ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը: Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը պետք է ներքին համոզմունք ունենար, որ դա է ճիշտը»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: