Իրանում հայտարարել են Իսրայելին պատասխանատվության ենթարկելու համար ՄԱԿ-ի հետ փոխգործակցության մասին
Իրանը ՄԱԿ-ի համար հավաքում է Իսրայելի կողմից 12-օրյա պատերազմի ժամանակամիջոցում կատարված ռազմական հանցագործությունների ապացույցներ, այդ նպատակով իսլամական հանրապետության փոխնախագահի ենթակայությամբ ստեղծվել է իրավական հարցերով հատուկ կոմիտե: Այդ մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին:
«Բնականաբար, այն, ինչ արեց սիոնիստական վարչակարգն, ինքնին հանցագործություն է: Ուրբաթ օրը սկսվել է նամակագրություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և իրավապաշտպան կազմակերպությունների հետ», - նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը:
Մոհաջերանիի խոսքով՝ արդեն նամակներ են փոխանակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և համապատասխան գերատեսչությունների հետ:
«Տեղի է ունեցել այս թեմայով երեք նիստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով», - նշել է նա:
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցնում Իսրայելին։ Իսրայելական հարվածներից մի քանի օր անց ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվեց հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հարվածեց Կատարում ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 930-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։