հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2019-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրով աջակցության ծավալը կազմել է 65 մլն եվրո, 2020-ին հույս ունեմ՝ կլինի ավելին. Մհեր Գրիգորյան

2019-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրով աջակցության ծավալը կազմել է 65 մլն եվրո, 2020-ին հույս ունեմ՝ կլինի ավելին. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը առանցքային դերակատարություն ունի ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների հարցում, այսօր Ազգային ժողովում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, համաձայնագիրը նոր թափ է հաղորդել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և հիմք հանդիսացել այլ ոլորտներում հետագա բարեփոխումներն ընդգծելու համար: Ավելին, Գրիգորյանը փոխանցեց, որ իր գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ համաձայնագրի կիրարկումը բարեհաջող ապահովելու համար:

«Հանձնաժողովը հստակեցրեց, հաստատեց ճանապարհային քարտզը, այնուհետև կենտրոնացավ բուն կիրարկման վրա: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում նաև երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը: Մասնավորապես, մեզ հաջողվել է ավարտել 2017 թվականի 34.5 մլն եվրոյի և 2018-ի 46 մլն եվրոյի գործընկերությունների՝ ծրագրով նախատեսված աջակցության համաձայնագրերի ստորագրման, հաստատման գործընթացները և մտնել իմպլեմենտացման փուլ», -տեղեկացրեց փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է 2019-ի գործողությունների ծրագրով նախատեսված աջակցությանը, ապա, ըստ Գրիգորյանի, համաձայնագրերն արդեն իսկ հավանության են արժանացել և կստորագրվեն առաջիկայում: Դրանոցով, պաշտոնյայի փոխանցմամբ, աջակցության ծավալը զգալիորեն ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: 2020 թվականի աջակցության ծրագրերը ևս, փոխվարչապետի խոսքով, նախանշվել են ու հստակեցվել:

«Աջակցության ծավալը, հույս ունեմ կլինի ավելին, քան 2019-ի համար նախատեսված գումարի չափը: Ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը մեզ համար բարեփոխումների օրակարգ է: Դրա կիրարկումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է», -հայտարարեց Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: