երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2018-ին Սերժը ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր. Ալեն Սիմոնյանը՝ Տիգրան Աբրահամյանին

2018-ին Սերժը ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր. Ալեն Սիմոնյանը՝ Տիգրան Աբրահամյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունների ժամին հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթին։

«Ես կուզենայի, որ պարոն Աբրահամյանը այդ պատմությունը ուրիշ տեղից սկսեր, օրինակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի սուպերնախարարության ղեկավարն էր և տեղի ունեցավ ոճրագործություն, որը ՀՀ-ն գլխատվեց, իսկ Սերժ Սարգսյանը այդ պահին չգիտես, թե ինչու, դահլիճում չէր։

Հետո եղավ 2008 թվականի մարտի 1-ը, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ, ոստիկաններ, հետո 80-ականների զենքերը, հետո 2018 թվականին Սերժը ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, հետո հանրապետական խմբակի ներկայացուցիչը ասում էր  Արցախը վերցրեցին, հաջորդը Հայաստանն է»,- ասաց Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որը կքննադատի 1991 թվականի Ալմա Աթայի դեկլարացիան և Պրահայի համաձայնությունը, կխոսի ՀՀ ինքնիշխանության կորստի մասին։ Նա ընդգծեց, որ ՀՀ-ն անկախացել է 1991 թվականի հենց այդ փաստաթղթի հիման վրա։

Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում իր և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի միջև տեղի ունեցած լեզվակռվին։

«Իմ դիրքից ելնելով չեմ կարող շատ բան պատասխանել, առավել ևս, որ այդպիսի ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում, դրա համար ես չշարունակեմ»,- ասաց նա։

  • Կիսվել: