հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2017 թվականի դրությամբ արդեն բանակցային գործընթացը տանուլ տված է եղել անդառնալիորեն. Փաշինյան

2017 թվականի դրությամբ արդեն բանակցային գործընթացը տանուլ տված է եղել անդառնալիորեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին՝ հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրից է հայտարարել, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն:

«Ամիսներ շարունակ ես ասում եմ, որ ես եմ պատասխանատուն և ունեմ մեղավորության իմ բաժինը, ուզում եք՝ ամենամեծ բաժինը: Ես ասում եմ՝ էս պարտությունն իմն է, հաղթանակը՝ մնացած բոլորինը: Բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթավորվեն, ասեն՝ հազիվ սկսել է ամեն ինչ իր վրա վերցնել, եկեք ինչ կա՝ լցնենք իր վրա, թող տանի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ պատերազմի ժամանակ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքման սեկտորը փակելու օպերացիային: «Այո՛, հրամանատարի գործառույթն է լսել կարծիքները, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա:

Ընդ որում՝ ուզում եմ պարզաբանել, որ այդ օպերացիան ամենևին չի եղել Լելե Թեփե սարը գրավելու մասին, այլ եղել է 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքման սեկտորը փակելու մասին: Շահարկում են, ասում են, որ ինքը քաղաքական նկատառումով ասել է, որ լավ կլինի, որ Լելե Թեփեն հետ գրավենք, քանի որ Սերժ Սարգսյանի ժամանակ հանձնել են, և դա դարձնենք քաղաքական դիվիդենտ քաղելու միջոց:

Ես առաջին օրից պատասխանատվությունը վերցել եմ ինձ վրա և շարունակում եմ պահել, բայց նաև իմ պատասխանատվությունն է, որ հայ ժողովուրդն իմանա ողջ ճշմարտությունը, թե, ի վերջո, ի՛նչ է տեղի ունեցել: Պատերազմը կանխելու ձև կա՞ր, իհարկե՛ կար, պետք է ասեինք՝ 7 շրջանները ձեզ, Շուշին՝ ձեզ, Ղարաբաղը՝ ձեզ, ամեն ինչը՝ ձեզ: Բայց դեռ հարց է՝ կկանխվե՞ր, թե՞ չէ, որովհետև կասեին՝ բա Սյունի՞քը:

Ես ընդամենն ասում եմ հետևյալը՝ 2017 թվականի դրությամբ արդեն բանակցային գործընթացը տանուլ տված է եղել անդառնալիորեն, որ էլ մեկ միլիմետր զիջում անելու տեղ չի եղել, որ բանակաշինության հարցը տանուլ տված է եղել անդառնալիորեն, պետականաշինության հարցը տանուլ տված է եղել անդառնալիորեն»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: