հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
1918-1920 թթ.-ի պաշտոնական որևէ քարտեզ չկա, Ադրբեջանը նպատակ ունի գծել իր համար ցանկալի նոր քարտեզ․ քարտեզագետ

1918-1920 թթ.-ի պաշտոնական որևէ քարտեզ չկա, Ադրբեջանը նպատակ ունի գծել իր համար ցանկալի նոր քարտեզ․ քարտեզագետ

«Այդ ժամանակաշրջանում՝ 1919-20 թվականներին, ճիշտ գծված, պաշտոնական, երկու երկրների կողմից վավերացրած որևէ քարտեզ չկար։ Ադրբեջանը չի կարող հիմք ընդունել քարտեզ, որն ինքը չունի։ Անհիմն է հղում տալ 1918 թվականի քարտեզին։ Դա նշանակում է՝ վկայակոչելով 1919 կամ 1920 թվականի քարտեզները՝ Ադրբեջանը ցանկանում է քարտեզները գծել այնպես, ինչպես ցանկանում է, ինչպես շահավետ է իրենց»,- այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը՝ անդրադառնալով այսօր «Հայկական ժամանակ» թերթի հավաստի աղբյուրից տարածված ու իրարամերժ և հակասական արձագանքներ ստացած տեղեկությանը, որում ներկայացված են Ադրբեջանի պատկերացրած խաղաղության պայմանագրի 5 կետ-պահանջները, որոնք, ըստ էության, պարտված կողմին պարտադրվող նոր պարտության փաստաթուղթ է։

Նշենք, որ այդ հրապարակված տեքստում ի թիվս 4 պահանջների՝ «ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով, միջանցք Հայաստանի տարածքով, անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում», նշված է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց պետք է կատարվի 1919- 20 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)։

Հոդվածագիրը նշել է նաև, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել, համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ էլ գտնել այլ տարբերակ:
«Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»,- եզրափակել է հեղինակը։

«1918-1920-ին և մինչև 1936 թվականը Խորհրդային միությունը անկլավներ չէր ստեղծել Հայաստանի մեջ։ Դրանից հետո է Խորհրդային միությունը մեր տարածքներից, այդ թվում Սյունիքի մարզից, տվել է Ադրբեջանին։ Բացի այդ՝ 1918-1920 թթ․-ին Նախիջևանը Հայաստանի կազմում էր»,- ասաց քարտեզագետը։

Ադրբեջանի շահագրգռվածությունը, ըստ Գալիչյանի, այս առաջարկով ինքն իր համար նոր քարտեզ գծելն ու ներկայացնելն է որպես 1918 թվականի քարտեզ։ Այսինքն՝ դրանով հնարավորություն է ստանալու որպես պատերազմում հաղթած կողմ, մեզ պարտադրել նոր զիջումներ խաղաղության անվան տակ և փաստաթղթով մեծացնել իր տարածքները։

«Երբ Ադրբեջանն անկախացավ, հիմնվեց Խորհրդային միության քարտեզների վրա՝ կոնկրետ 1965-1970-ական թվականների ԽՄ-ի գեներալ շտաբի քարտեզի վրա։ Վարչապետի նշած 29800 քառ․/կմ տարածքը նույնպես հիմնված է 1965-1970-ականների և 1991թվականի անկախության հռչակագրի վրա, որը վավերացվել է երկուստեք՝ և' Ադրբեջանի, և' Հայաստանի Հանրապետությունների կողմից»,- ընդգծեց քարտեզագետը։

Վերջինիս համոզմամբ՝ մեզ համար ամենաձեռնտուն 1926 թվականին հաստատված պաշտոնական քարտեզն է։ «1926 թվականի քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելն ընդունելի է Հայաստանի համար. դրանցով ՀՀ տարածքն ավելի քան 1000 ք/կմ ավելի էր, քան հիմա։ Օրինակ՝ մինչև 1926-27 թվականը Ալ լճերի տարածքը, Տավուշում մի քանի շրջան, Արծվաշենը, Շուռնուխ գյուղն ամբողջությամբ Հայաստանի ներսում էին։ Հետո աստիճանաբար դրանք հանձնվեցին Ադրբեջանին։ 1940-ականներին էլ իրենց հանձնվեց Էյվազլիի շրջանը»,- նշեց նա։

  • Կիսվել: