շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«168». 2020 թ. պետական մարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք

«168». 2020 թ. պետական մարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք

«168»-ը գրում է.

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։

«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է իշխանության գալուց երեք ամիս հետո։

Իհարկե, նա միակ վարչապետը չէ, որ խոսել է պետական ապարատի ուռճացված լինելու մասին։ Նախկինում ևս այդ մասին խոսել են և նույնիսկ որոշակի քայլեր արել ուռճացված համակարգը կրճատելու ուղղությամբ։ Ամեն մեկը փորձել է յուրովի լուծել այդ խնդիրը։ Բայց դրանից երևույթը չի փոխվել։

Չի փոխվել նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում։ Ընդհակառակը` հաջորդ տարի պետական մարմիններում մի բան էլ հաստիքների ավելացում է նախատեսվում։

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդու­նելով 18991 հաստիքային միավորների քանակը, որը 2019 թվականի համեմատ՝ ավելացել է 534 միա­վո­րով»,- ասվում է կառավարության հաստատած հաջորդ տարվա բյուջեի նախագծում։

Հաստիքների ավելացումը բացատրվում է «նախարարությունների վերակազմակերպմամբ, նոր մարմինների ստեղծմամբ, ինչպես նաև առանձին պետական մարմիններում կառուց­վածքային փոփոխությունների հետևանքով աշխատողների թվաքա­նակի կարգավորմամբ»:

Ինչպես հայտնի է, այս տարի քաղաքական իշխանությունը գնաց կառավարության կառուցվածքի օպտիմալացման։ Նախկին 17 նախարարություններից թողեց միայն 12-ը։ Դրանք միավորվեցին ու տարանջատվեցին։ Ճի՞շտ էր այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ, այլ խնդիր է, բայց թվում էր, թե 5 նախարարությունները կրճատելուց և օպտիմալացնելուց հետո պետական մարմիններում ընդգրկված աշխատողների թվաքանակը կպակասի։ Սակայն հակառակն է ստացվել. օպտիմալացնելուց հետո պետմարմինների աշխատողների թվաքանակը դարձյալ ավելացել է։

Փաստորեն, նախարարությունների կրճատումն էլ չլուծեց այդ խնդիրը։ Հաջորդ տարի հարկատուները ստիպված կլինեն վճարել ևս 534 նոր հաստիքի համար, որը պիտի ավելանա պետական կառավարման մարմիններում։

Դա կլինի մի շարք կառույցների աշխատակազմերի համալրման հաշվին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: