Երկրում սոցիալական, տնտեսական և այլ պրոբլեմների լուծումը կապված է պետական մարմինների և պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ. Փաշինյան
Պիտի ուղիղ խոստովանեմ, որ պետական մարմիններում վարձատրության չափերի բարձրացման թեման քաղաքական խնդիր է, որն ունի երկու կողմ։ Այս մասին այսօր պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին կողմն այն է, որ բոլորս հասկանում ենք պետական մարմինների մրցունակությունն աշխատանքի շուկայում բարձրացնելու անհրաժեշտությունը։
Մյուս կողմից՝ քաղաքական իշխանությունը զգուշանում է պետական մարմիններում վարձատրության չափերը բարձրացնելու քայլից, նախևառաջ՝ քաղաքական շեյմինգի, այսպիսի նոր տերմին կա, այսինքն՝ քաղաքական ամոթանքի վախից։ Որովհետև նման դեպքերում հանրության առաջին ռեակցիան հետևյալն է․ երկրում այսքան սոցիալական խնդիր կա, դուք պետական մարմինների աշխատողների, այսինքն՝ պաշտոնյաների վարձատրությո՞ւնն եք ուզում բարձրացնում։
Սա կախարդված շղթա է, որովհետև երկրում սոցիալական, տնտեսական և այլ պրոբլեմների լուծումը կապված է պետական մարմինների և պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ։ Պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը կախված է նրա աշխատողների կրթվելու, ավելին իմանալու, ավելիին տիրապետելու և ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու մոտիվացիայից, սա էլ իր հերթին կախված է մոտիվացիոն համակարգերից, ներառյալ աշխատավարձից և այլ սոցիալական երաշխիքներից։ Սա նաև մի գործոն է, որը կանխորոշում է, թե որքան և որքանով է պետական մարմիններում աշխատանքը գրավիչ բարձրորակ մասնագետների համար։ Ընդ որում, ես խոսում եմ թե՛ այս պահին աշխատող բարձրորակ մասնագետների և նրանց մասին, ովքեր կարող էին գալ աշխատել»։
Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն առաջիկայում ընդունելու է «Կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման և խրախուսման պիլոտային ծրագիրը», որի նպատակն արդյունքի հիման վրա վարձատրության ինդեքսավորման համակարգը փորձարկելն է:
«Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք հավելյալ վարձատրության որոշակի հատվածը պետական աշխատողի կրթության բարելավմանն ուղղելու մեխանիզմներ կստեղծենք, ինչն անխուսափելիորեն կբարձրացնի պետական մարմինների աշխատանքի որակը։ Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք հետևողականորեն աշխատելու ենք պետական մարմիններում ներառական, մրցունակ, գերազանցությունը խթանող աշխատանքային միջավայր ստեղծելու ուղղությամբ, և վերը նշված համակարգի ներդրումը հենց այս նպատակն ունի»,-նշել է Փաշինյանը:


