երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զելենսկին և Արևմուտքը մերժել են Պուտինի՝ Սուրբ Ծննդին հրադադար հաստատելու առաջարկը

Զելենսկին և Արևմուտքը մերժել են Պուտինի՝ Սուրբ Ծննդին հրադադար հաստատելու առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սուրբծննդյան տոներին հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի առաջարկը մասին։ Այդ մասին Զելենսկին հայտնել է Telegram-ի իր ալիքում։

Ուկրաինայի նախագահը մերժել է Մոսկվայի առաջարկը, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանը, հրադադարի պատրվակով, փորձում է քողարկել «ագրեսիայի» նոր քայլերը։

«Ռուսաստանին չի հաջողվի լռության անվան տակ քողարկել  Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ագրեսիայի նոր ալիքի իր պատրաստությունը», - գրել է Զելենսկին:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը, օգտվելով լռության ռեժիմից, կամրապնդի իր դիրքերը շփման գծում։

Հունվարի 5-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ էր արել զինադադար հաստատել Ուկրաինայում և Դոնբասում, որպեսզի ուղղափառները կարողանան Սուրբ Ծնունդը տոնել խաղաղությամբ։ Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ հրադադարի ժամկետը նշվում է հունվարի 6-ի ժամը 12:00-ից հունվարի 7-ի 24:00-ն ընկած ժամանակահատվածը:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ-ին հանձնարարել է հրադադար հաստատել հատուկ ռազմական գործողության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով։

ԱՄՆ-ում և Եվրոպայում ռուսական կողմի առաջարկած զինադադարը քննադատվել է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա անվանել է «շունչ քաշելու» փորձ։ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի «ցանկացած դադար» մարտերում՝ վերախմբավորելու և իր զորքերին հանգստանալու հնարավորություն տալու համար։

Եվրամիությունը հայտարարել է, որ չի վստահում Սուրբ Ծննդյան օրը հատուկ գործողության գոտում Ռուսաստանի կողմից միակողմանիորեն հայտարարված ժամանակավոր հրադադարին: Նրանք կցանկանային այնտեղ տեսնել կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ զորքերի և տեխնիկայի դուրսբերում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ սուրբծննդյան զինադադարը «ազատություն կամ անվտանգություն չի բերի այն մարդկանց, որոնք ապրում են ամենօրյա վախի մեջ՝ ռուսական օկուպացիայի տակ»: Նա խոստացել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինայի ժողովրդին։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը հայտարարել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կողջունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում:

Առաջարկին աջակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում ընդգծել է, որ ռուսական ուժերը կպատասխանեն Ուկրաինայի զինված ուժերին, եթե նրանք փորձեն խախտել հրադադարը շփման գծում։

Նա պարզաբանել է, որ հրադադարի մասին որոշումը վերաբերում է Ռուսաստանի նախաձեռնող կրակին կամ հարձակողական գործողություններին։ Պուշիլինը նաև վստահեցրել է, որ ռուսական ուժերը թույլ չեն տա Ուկրաինայի զինված ուժերին բարելավել իրենց դիրքերը հրադադարի ընթացքում։

  • Կիսվել: