ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ իր երկրի անդամակցության վերաբերյալ հստակ պատասխան պահանջելով

Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ իր երկրի անդամակցության վերաբերյալ հստակ պատասխան պահանջելով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, գրում է Korrespondent.net-ը:

Նա նշել է, որ հստակ պատասխան է պահանջում Դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։

Ուկրաինան չի ՛՛խոնարհվի՛՛ գործընկերների օգնության համար, քանի որ կարծում է, որ դա Արևմուտքի ներդրումն է Եվրոպայի անվտանգության գործում։ Զելենսկին խնդրել է Արևմուտքին անկեղծ պատասխաններ տալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին վերաբերող հարցերին։ «Եթե Դաշինքի ոչ բոլոր անդամներն են ցանկանում մեզ տեսնել, կամ բոլորը չեն ցանկանում մեզ տեսնել, ապա անկեղծ ասեք։ Մեզ պետք են պատասխաններ, այլ ոչ թե տարիներ շարունակ փակ հարցեր»,-ասել է Զելենսկին:

Նա պնդել է, որ Ուկրաինան հետևողականորեն կատարում է նորմանդական պայմանավորվածությունները և ՛՛Մինսկը՛՛։ Զելենսկին ասել է, որ երախտապարտ է Միացյալ Նահանգներին հետախուզության համար, սակայն ընդգծել է, որ վստահում է իր հետախուզությանը։

՛՛Ուկրաինան պահանջում է ապաշրջափակել Դոնբասի շուրջ բանակցային գործընթացը, սակայն մտադիր չէ սահմանափակվել բանակցությունների միայն մեկ ձևաչափով։ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ աշխարհի առաջատար երկրներից, քանի դեռ նա ՆԱՏՕ-ում չէ՛՛,- ասել է Զելենսկին՝ հավաստիացնելով, որ Ուկրաինայում խուճապ չկա:

Նշենք, որ Մյունխենում անցկացվում է անվտանգության ամենամյա խորհրդաժողով, որն այս տարի նվիրված է Եվրոպայի Արևելքում առկա սպառնալիքներին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

 

 

  • Կիսվել: