շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2022 թ. չի բարելավվել

Ըստ Human Rights Watch-ի զեկույցի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2022 թ. չի բարելավվել

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը 2022 թ. չի բարելավվել։ Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2022 թ. զեկույցում:

Նշում է, որ թեպետ 2022 թ. մայիսին Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել ավելի քան 20 քաղբանտարկյալի, առնվազն 30 մարդ մնացել է անօրինական կերպով բանտարկված, իսկ իշխանությունները շարունակում են հետապնդել իրենց քննադատներին և այլախոհներին: Միևնույն ժամանակ, օրենսդրական խոչընդոտներ են ստեղծվել հասարակական կազմակերպությունների անկախ գործունեության համար:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պայմաններում Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ գործարքի պատճառով «Եվրամիությունը չի օգտագործել երկկողմ լայն համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները՝ մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի բարելավումն ապահովելու համար»։

Կազմակերպությունն անդրադարձել է նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: «Հայկական և ադրբեջանական զորքերի միջև ռազմական գործողությունները բռնկվեցին սեպտեմբերի կեսերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան: Human Rights Watch-ի կողմից հաստատված տեսագրությունը ցույց է տվել առնվազն յոթ հայ զինվորի արտադատական մահապատիժն այդ մարտական գործողությունների ժամանակ, ըստ երևույթին, ադրբեջանական ուժերի կողմից»:

Նշվում է նաև, որ պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը վտանգ են ներկայացրել Արցախի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող քաղաքացիական անձանց անվտանգության և ապրուստի միջոցների համար։

 

  • Կիսվել: