Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության ընդլայնմանը վերաբերող
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Իր հերթին վրացական կողմը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, ընդգծվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման դրական դինամիկան։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերի ուղղությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին, ընդգծվել է խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այժմ Թուրքմենբաշիում ընթանում է «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը», որը տևելու է մինչև օգոստոսի 8-ը։


