Visa-ն ու Mastercard-ը Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնում են
Կիրակի գիշերը Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երբ ընկերությունները դադարեցնեն բոլոր գործողությունները ՌԴ-ում, ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերը չեն գործի արտերկրում: Ռուսաստանում նաեւ չեն աշխատի քարտերը, որոնք թողարկված են օտարերկրյա ֆինանսական ինստիտուտների կողմից:
«Visa-ն ու Mastercard-ը հիմնավորում են իրենց որոշումն Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ»,-նշում է տեղեկատվական գործակալությունը:
«Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումից ու անընդունելի իրադարձություններից հետո, որոնց ականտեսն ենք: Մենք ցավում ենք այն աղդեցության համար, որը ցուցաբերում է այդ որոշումը մեր գործընկերների, հաճախորդների, վաճառողների, քարտապանների վրա, որոնց մենք սպասարկում ենք Ռուսաստանում: Այդ պատերազմն ու խաղաղության ու կայունության նկատմամբ շարունակվող սպառնալիքը ստիպում են մեզ արձագանքել՝ մեր արժեքների համաձայն»,-հայտարարել է Visa-ի ղեկավար Էլ Քելին:
«Հաշվի առնելով հակամարտության աննախադեպ բնույթն ու տնտեսական իրավիճակի անորոշությունը՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունները Ռուսաստանում»,-ասվում է Mastercard-ի հաղորդագրության մեջ:
Ընկերությունում ափսոսանք են հայտնել ռուսական շուկայից հեռանալու որոշման կապակցությամբ:
«Այդ որոշումը դժվարությամբ է կայացվել: Mastercard-ը Ռուսաստանում աշխատում է ավելի քան 25 տարի: Այդտեղ մենք շուրջ 200 գործընկեր ունենք, որոնց շնորհիվ մեր ընկերությունն այդքան կարեւորություն ունի բազմաթիվ շահագրգիռ կողմերի համար: Երբ տեղին լինի եւ եթե թույլատրվի օրենքով, մենք կօգտագործենք նրանց նվիրվածությունն ու ստեղծագործական մոտեցումը գործողությունները վերականգնելու ուղղությամբ աշխատանքի համար»,-հայտարարել են Mastercard-ում:
Նշենք, որ Ռուսական բանկը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ ռուսական բանկերի կողմից թողարկված Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերի բոլոր քարտերը շարունակում են աշխատել Ռուսաստանի տարածքում սովորական ռեժիմով ՝ մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը։