չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ուկրաինայի շուրջ լարվածության աստիճանը մեծանում է Կիևին փոխանցվող զենքի հաշվին. Պեսկով

Ուկրաինայի շուրջ լարվածության աստիճանը մեծանում է Կիևին փոխանցվող զենքի հաշվին. Պեսկով

 Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լարվածության աստիճանը մեծանում է Վաշինգտոնի ճնշման տակ Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմին զենք մատակարարելու որոշումների հաշվին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Թրամփը զգուշացրել է, որ Ուկրաինային տանկեր տալուց հետո հակամարտությունը կարող է միջուկային հարթություն դուրս գալ, և կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը։
 
«Դե, այդ խոսքերի հետ կարելի է համաձայնել այն առումով, որ իսկապես լարվածության սրացում է տեղի ունենում։ Լարվածության թեժացումը տեղի է ունենում նաև այն որոշումների հաշվին, որոնք կայացվում են առաջին հերթին Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում Վաշինգտոնի ճնշման ներքո։ Այդ առումով, այո՛, լարվածության աստիճանը մեծանում է», - նշել է նա։
 
ԱՄՆ-ն հայտարարել է ուկրաինացի զինվորականներին 31 միավոր ժամանակակից ամերիկյան «Abrams» տանկեր փոխանցելու մասին։ Բեռլինն ասել է, որ առաջին փուլում 14 «Leopard 2» տանկ կուղարկի, և թույլ է տվել, որ իր տանկերը վերաարտահանեն Ուկրաինա։ Տանկեր ուղարկելու մտադրության մասին հայտարարել են Իսպանիան և Լեհաստանը։
 
«Տեսե՛ք`պարոն Թրամփը տեսականորեն հեռու չէ ճշմարտությունից։ Եթե ԱՄՆ նախագահն իրոք ցանկանա վերջ տալ այս հակամարտությանը, կարող է դա անել շատ արագ ՝ օգտագործելով իր հնարավորությունը։ Բավական է` Վաշինգտոնից համապատասխան ցուցում լինի Կիևի ռեժիմին, և այս ամենը կարելի է ավարտել։ Իհարկե, ո՛չ մեկ օրում, ո՛չ երկու, բայց Կիևի ռեժիմի բանալին հիմնականում Վաշինգտոնի ձեռքում է», - ասել է Պեսկովը լրագրողներին։

  • Կիսվել: