Ուկրաինան կրկին հաստատում է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի հանդիպելու առաջնորդների մակարդակով. Զելենսկի
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է կազմակերպել երկու պետությունների ղեկավարների հանդիպում հակամարտությունը դադարեցնելու համար՝ հայտարարություններ փոխանակելու և տեխնիկական մակարդակով բանակցությունների փոխարեն: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, ասել է. «Ամերիկան դա առաջարկել է: Ուկրաինան աջակցել է: Անհրաժեշտ է Ռուսաստանի պատրաստակամությունը»:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը դադարեցնելու և «արժանապատիվ և երկարատև խաղաղության» հասնելու համար:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը:
«Մենք Ռուսաստանից հայտարարություններ ենք լսում, և եթե սա պատերազմն արժանապատվորեն ավարտելու և իսկապես երկարատև խաղաղություն հաստատելու նրանց լուրջ պատրաստակամության ազդանշան է, այլ ոչ թե պարզապես պատերազմի համար ավելի շատ ժամանակ շահելու և պատժամիջոցների հետաձգման փորձ, ապա Ուկրաինան կրկին հաստատում է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի հանդիպելու առաջնորդների մակարդակով»,-ասել է Զելենսկին:


