ՌԴ-ն անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների. կան զոհեր ու վիրավորներ
Գիշերը ռուսական ուժերն անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Օդեսայում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում։ Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ տարեց կին, կան վիրավորներ։
Ինչպես հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը՝ Ռուսաստանը գիշերն արձակել է 140 անօդաչու, որոնցից 101-ը հաջողվել է խոցել։
Բացի դրանից՝ նոյեմբերի 28-ի երեկոյան հարվածների են ենթարկվել նաև Կիևն ու Զապորոժիեն։ Կիևում մեկ կին է զոհվել, ևս չորս մարդ՝ վիրավորվել, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Անօդաչուի բեկորներ են ընկել մանկապարտեզի տարածքում, ավերվել է նաև վարչական շենք։
Զապորոժիեում կառավարվող ավիառումբերով հարվածներից տուժել են բնակելի թաղամասերը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ մեկ կին զոհվել է, կան վիրավորներ։
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օդեսայում ոչնչացրել է լոգիստիկ կենտրոն, Կրեմենչուգում հարվածել է զինամթերքի արտադրության համար օգտագործվող գործարանի, իսկ Զապորոժիեում՝ կամրջի։



