Ուկրաինան ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների տնտեսական աջակցություն է խնդրում
Ուկրաինան ԱՄՆ վարչակազմից ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի շտապ տնտեսական օգնություն է խնդրում՝ ասելով, որ առանց այդ միջոցների երկրի հումանիտար ճգնաժամը կարող է վատթարանալ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։
Ինչպես հրապարակմանը տված հարցազրույցում ասել է Մարչենկոն, այս գումարն անհրաժեշտ է կենսաթոշակները, առողջապահության և կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը վճարելու, ինչպես նաև այլ մարդասիրական կարիքների համար։ «Մենք պետք է լրացնենք այս բացը հենց հիմա, որպեսզի ներգրավենք անհրաժեշտ ֆինանսավորում և հաղթենք այս պատերազմում», – ասել է նախարարը: Ապրիլին, մայիսին և հունիսին ամսական առնվազն 5 միլիարդ դոլար է անհրաժեշտ, որից 2 միլիարդը պետք է ստացվի Միացյալ Նահանգներից: Բացի այդ, ապագայում սպասվում է ևս մեկ խնդրանք՝ կապված երկրի վերականգնման ավելի երկարաժամկետ կարիքների հետ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Ավելի ուշ, ըստ կառավարության աղբյուրների, Ուկրաինա կուղարկվեն նաև հրետանային կայանքներ, հեռահար հրթիռային համակարգեր և հականավային հրթիռներ։