ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինական ՀՕՊ-ը հունվարի 2-ի գիշերը խոցել է 41 կամիկաձե-դրոն

Ուկրաինական ՀՕՊ-ը հունվարի 2-ի գիշերը խոցել է 41 կամիկաձե-դրոն

Հունվարի 2-ի գիշերն Ուկրաինան ենթարկվել է իրանական արտադրության անօդաչուների զանգվածային հարձակման։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ միջոցներով խոցվել է «Shahed-131/136» 39 կամիկաձե-դրոն, ինչպես նաև՝ «Օրլան-10» տեսակի երկու դրոն ու X-59 կառավարվող ավիացիոն հրթիռ։

Կիևի ուղղությամբ հարձակման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ «Քաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են։ Համապատասխանաբար, կա ջերմամատակարարման օբյեկտների հոսանքազրկում։ Մայրաքաղաքի ջրամատակարարումն իրականացվում է սովորական ռեժիմով»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով՝ հարվածներից տուժել է մեկ մարդ։

Կիևի քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի վրա ուղղված դրոններից 15-ը ոչնչացվել են հարևան մարզերի տարածքներում, 3-ը՝ Կիևի մարզում, ևս 22-ը՝ անմիջապես մայրաքաղաքի վրա։ 

Հունվարի 2-ի գիշերը Ուկրաինայի մարզերի մեծ մասում հայտարարվել էր օդային տագնապ։ 

Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանը պարբերաբար հրթիռակոծության են ենթարկում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Հարձակումներին մասնակցում են նաև անօդաչուներ, որոնք Ռուսաստանը գնում է Իրանից։  

Նոյեմբերին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ Ուկրաինայի ենթակառուցվածքներին ռուսական հրթիռային հարվածների ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 70 միլիարդ գրիվնա կամ մոտ 1,9 միլիարդ դոլար։

  • Կիսվել: