Ուկրաինացի զինվորականներն արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում. Մալյար
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հեռուստամարաթոնի եթերում հայտնել է, որ ՛՛Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես օկուպացված տարածքների ազատագրման մի քանի ծրագիր ունի, իսկ ուկրաինացի զինվորականներն արդեն հակահարձակողական գործողություններ են իրականացնում ռազմաճակատի որոշ հատվածներում՛՛:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կոռեկտ չէ խոսել միայն հակահարձակման մասին։ Սա տարբեր գործողությունների եւ միջոցառումների հսկայական համալիր է, որոնք այժմ իրականացնում են զինված ուժերը։ Սա, առաջին հերթին, մարդկանց նախապատրաստում է մի շարք գործողությունների՝ եւ՛ պաշտպանողական, եւ՛ հարձակողական։ Բայց այս ամենը միասին կարելի է անվանել հակահարձակողական գործողությունների միջոցներ՛՛:
Մալյարը հավելել է, որ հրամանատարությունն արդեն հարձակման մի քանի ծրագիր ունի, դրանցից մեկը կընտրեն կարճ ժամանակում եւ այնպես, որ թշնամին չհասցնի պատրաստվել դրան:
Նա վստահեցրել է, որ իրենց զորքերն այսօր հաջողությամբ կանգնեցնում են հակառակորդին: