շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում բժշկական ասոցիացիայի ղեկավարին դատում են՝ «ահաբեկչության քարոզչության» համար

Թուրքիայում բժշկական ասոցիացիայի ղեկավարին դատում են՝ «ահաբեկչության քարոզչության» համար

Թուրքիայի բժիշկների ասոցիացիայի նախագահը դատարանում հերքել է «ահաբեկչական քարոզչություն» տարածելու մասին մեղադրանքները եւ կոչ է արել հետաքննել այն պնդումները, որ թուրք զինվորականները քիմիական զենք են կիրառել քուրդ զինյալների դեմ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը։

63-ամյա բժիշկ Սեբնեմ Քորուր Ֆինչանչիին դատում են՝ Քրդական բանվորական կուսակցության անունից քարոզչություն անելու մեղադրանքով: Նա ձերբակալվել է հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ հարցազրույց է տվել, որում խոսել է մեղադրանքների «արդյունավետ հետաքննության» անհրաժեշտության մասին:

Ֆինչանչին վերջին ակտիվիստն է, ով քրեական հետապնդման է ենթարկվել` Թուրքիայի լայնածավալ հակաահաբեկչական օրենքների համաձայն, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով հանգեցրել են խոսքի ազատության ճնշմանը: Նրան սպառնում է մինչեւ յոթ ու կես տարվա ազատազրկում։

Մեղադրանքները հիմնված են քրդամետ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ձայնագրության վրա, որտեղ լսվում է, որ Ֆինչանչին ասում է, որ նա դիտել է Իրաքում քիմիական զենքի կիրառման տեսանյութը: «Այն, ինչ ես ասացի հեռարձակման ժամանակ, նախնական ախտորոշում էր։ Սա վերջնական եզրակացություն չէր, այլ արդյունավետ անկախ հետաքննության խնդրանք։ Իմ խոսքը չի կարելի հանցագործություն համարել գիտության կամ խոսքի ազատության շրջանակներում», - ասել է նա դատարանում:

Դատական ​​նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 29-ը։

Հարցազրույցը հաջորդել է քուրդ ապստամբների այն պնդումներին, թե թուրքական զինուժը Քրդական բանվորական կուսակցության քիմիական զենք է կիրառել Հյուսիսային Իրաքում: Թուրք պաշտոնյաները հերքել են այդ մեղադրանքները՝ ասելով, որ զինվորականները նման զենք չունեն ծառայության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինչանչիին մեղադրել է թուրքական զինված ուժերը զրպարտելու եւ երկիրը վիրավորելու հարցում։ Նա խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ «մաքրելու» Թուրքիայի բժշկական ասոցիացիան եւ այլ մասնագիտական ​​կազմակերպությունները «ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներից»։

Ազգայնական կուսակցությունը, որը կապված է Էրդողանի իշխող կուսակցության հետ, պահանջել է` նրան զրկել Թուրքիայի քաղաքացիությունից եւ փակել ասոցիացիան։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դատարանի շենքի մոտ՝ աջակցելու Ֆինչանչիին, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը փաստագրելու վրա եւ հանդիսանում է Թուրքիայի առաջատար իրավապաշտպան ակտիվիստը: Նա նաեւ եղել է Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահը։

  • Կիսվել: