ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիային մղում են Ռուսաստանի «գիրկը»

Թուրքիային մղում են Ռուսաստանի «գիրկը»

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն այցելել է Կիպրոս: Ժամեր անց Արեւելյան Միջերկրականից հեռացել է թուրքական երկրաբանա-հետազոտական նավը: Պոմպեոն Կիպրոս է այցելել ՌԴ արտգործնախարար Լավրովից հետո: Ռուսաստանը փորձում էր թուրք-հունական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնել: Երեւում է, հունական կողմը մերժել է: Ամերիկյան դիվանագիտությանը, կարելի է ասել, հաջողվել է հույն-թուրքական երկխոսության ուղղությամբ առաջին քայլն անել: Հաջորդ շաբաթ Եվրամիությունը կգումարի ԱԳ նախարարների մակարդակով խորհրդաժողով, եւ եթե մինչ այդ թուրք-հունական երկխոսություն չսկսվի, ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի:

Փաստացի Եվրամիությունն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հավակնոտ հայացքը շրջի դեպի արեւելք: ԱՄՆ-ը զգուշանում է նման հեռանկարից, որովհետեւ այդ դեպքում Թուրքիան կարող է ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում շահերի համադրման հարցով: Վաշինգտոնն իր դիվանագիտական ջանքերի առավելագույնն է գործադրելու, որպեսզի թուրք-հունական լարվածությունը հաղթահարվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Եվրամիությունը չափազանց զգուշավոր է Թուրքիայի նոր-կայսրապետական հավակնություններից:

Այդ հարցում առավել զգայուն է Ֆրանսիան, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գաղուտատիրության դարաշրջանից ի վեր մեծ ազդեցություն ունի եւ մտադիր այն Թուրքիայի հետ կիսել: Հունաստանը, Բալկանյան երկրները պատմական հիշողության բերումով դիմադիր են Եվրոպայի հարավում թուրքական ազդեցության տարածմանը: Գերմանիան իր վրա է փորձել թուրք ներգաղթյալներից բխող էթնիկ-քաղաքակրթական սպառնալիքը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մերժումն, այսպիսով, Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունները Եվրոպայից հեռացնելու, դեպի արեւելք ուղղորդելու նպատակ է հետապնդում:

Ստեղծվում են նախադրյալներ, որպեսզի կայանա ռուս-թուրքական մեծ համաձայնություն, որին կարող են միանալ Չինաստանը եւ Իրանը: Եթե առաջիկա տարիներին Ռուսաստանում աշխարհաքաղաքական ընտրություն չփոխվի, ապա տեղի է ունենալու Մեծ Եվրասիայի՝ որպես ռազմա-քաղաքական եւ տնտեսական բեւեռի ծրագրավորում: Ռուսաստանը երկու ճանապարհ ունի՝ Եվրամիության հետ ստեղծել ԱՄՆ-ին հակակշիռ կամ դա անել Թուրքիայի եւ Չինաստանի հետ: Առայժմ գերիշխում է երկրորդ ընտրության մոտիվացիան:

Ներկա փուլում ռուս փորձագիտական հանրությունը Հայաստանի համար նախանշում է անվտանգային հավելյալ միջոցներ՝ Հունաստանի եւ Կիպրոսի ու Մերձավոր Արեւելքի արաբական երկրների հետ համագործակցությամբ: Եթե դիվանագիտական լեզվից փոխադրենք, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր մերձեցման Թուրքիայի հետ, որտեղ Հայաստանը տեղ չունի: Փոխարենը, դատելով ռուսական մամուլի ակնարկներից, դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի պրոտեկտորատի տարբերակը, ինչը Նախիջեւանում թուրքական ներկայության հայելային պատասխանն է:

  • Կիսվել: