հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի ընդդիմությունը մարտի 6-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայի ընդդիմությունը մարտի 6-ին կհայտարարի նախագահի միասնական թեկնածուի անունը

Թուրքիայի ընդդիմադիր դաշտում գործող առավել խոշոր 6 կուսակցությունները մարտի 6-ին կհայտարարեն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելիք իրենց միասնական թեկնածուի անունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Այս մասին հայտնի է դարձել մարտի 2-ի երեկոյան 6 կուսակցությունների ղեկավարների հերթական 12-րդ հավաք-հանդիպումից հետո: 2022-ի փետրվարին ձևավորված «Վեցնյակի սեղան» անվանվող համագործակցության ֆորմատին մասնակցում են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ), «Լավ» (ԼԿ), «Երջանկություն» (ԵԿ), «Դեմոկրատ» (ԴԿ), «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ), «Ապագա» (ԱԿ) կուսակցությունները:

Հաղորդվում է, որ 6 ժամ տևած հանդիպման ավարտին կուսակցությունների ղեկավարները կարողացել են համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում:

Նշենք, որ որպես հավանական թեկնածուներ այս 1 տարվա ընթացքում մի քանի անուններ են շրջանառվել: Նրանցից են ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ԼԿ նախագահ Մերալ Աքշեները, Ստամբուլի ու Անկարայի ԺՀԿ-ական քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն ու Մանսուր Յավաշը:

  • Կիսվել: