երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի իրականացումը

Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի իրականացումը

Անկարան Մոսկվայի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսի օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դեմ հնարավոր գործողության համար։

Այս մասին  կիրակի օրը հաղորդում է Sabah-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

«Աքարը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Անկարան բանակցություններ է վարում Մոսկվայի հետ, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, այդ գործողության շուրջ։

Նա ասել է. «Մենք Ռուսաստանի հետ խոսում ենք բոլոր հարցերի, այդ թվում՝ օդային տարածքի բացման մասին», – նշում է պարբերականը։

Նոյեմբերի 20-ին թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել «սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) դիրքերին, որոնց մաս են կազմում YPG-ն, Սիրիայի հյուսիսում գտնվող մի քանի բնակավայրերում, մասնավորապես, Թուրքիայի սահմանից ոչ հեռու ռազմավարական նշանակություն ունեցող Քոբանի քաղաքի ուղղությամբ:

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ցամաքային գործողություն սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում։

Նախկինում Թուրքիայի զինված ուժերը բազմիցս ցամաքային գործողություններ են իրականացրել Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ՝ սիրիա-թուրքական սահմանի երկայնքով դրանցից ազատ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով. դրանք են 2016 թվականին «Եփրատի վահան», 2018 թվականին «Ձիթենու ճյուղ» և 2019 թվականին «Խաղաղության աղբյուր» գործողությունները:

  • Կիսվել: