շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թեհրանում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ. պատճառը Charlie Hebdo-ի ծաղրանկարներն են

Թեհրանում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ. պատճառը Charlie Hebdo-ի ծաղրանկարներն են

Հունվարի 8-ին Թեհրանում բողոքի ցույց է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ կապված Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ծաղրանկարների հրապարակման հետ։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ ի նշան բողոքի ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի կողմից երկրի բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի տասնյակ ծաղրանկարների հրապարակման վիրավորական քայլի դեմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ ընդունում իր սրբություններին, իսլամական, կրոնական և ազգային արժեքներին ուղղված վիրավորանքները», - հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ասել է ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, ասվում է հայտարարության մեջ:

«Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների և մուսուլմանական ազգերի սրբություններին ուղղված վիրավորանքները», - նշել է նա՝ արտահայտելով Իրանի «խիստ բողոքը» Ֆրանսիայի կառավարությանը։

Ավելի վաղ Charlie Hebdo-ն հայտնել էր, որ պատրաստվում է հատուկ համար թողարկել՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարներով: Շաբաթաթերթը դեկտեմբերի սկզբին մրցույթ էր հայտարարել համապատասխան ծաղրանկարների ստեղծման համար։ Արդյունքում Charlie Hebdo-ն հրապարակել է տասնյակ ծաղրանկարներ, որոնք ծաղրում են Իսլամական Հանրապետության բարձրագույն կրոնական և քաղաքական գործչին: 

Հիշեցնելով Charlie Hebdo-ի՝ իսլամը, Մուհամեդ մարգարեին և Սուրբ Ղուրանը վիրավորելու «մութ պատմությանը»՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այս «ատելի, վիրավորական և չարդարացված» գործողության համար։

«Թեհրանն իրեն իրավունք է վերապահում տալ համաչափ պատասխան», - ասել է նա՝ միաժամանակ Ֆրանսիայի դեսպանին հանձնելով ԱԳՆ բողոքի պաշտոնական նոտան։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի կառավարությունից ն ակնկալում է բացատրություններ և համապատասխան քայլեր՝ դատապարտելու հրապարակման «անընդունելի պահվածքը», ընդգծել է նա:

  • Կիսվել: