Թեհրանի բնակիչները կվճարեն Իսրայելի վրա գիշերվա հարձակման համար. պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դատապարտել է գիշերն Իրանի կողմից Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով իրականացված հարձակումը՝ Թեհրանի բնակիչներին սպառնալով հակահարվածով։ Կացը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։
«Թեհրանի ամբարտավան բռնապետը դարձել է վախկոտ մարդասպան՝ թիրախավորելով Իսրայելի քաղաքացիական հատվածները, որպեսզի հետ պահի Իսրայելի պաշտպանության բանակին իր հարձակումը շարունակելուց.... Դրա համար կվճարեն Իրանի բնակիչները և շուտով», - գրել է Իսրայել Կացը։
Իսրայելցի պաշտոնյաներից մեկը The Jerusalem Post-ին հայտնել է, որ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, Թեհրանի տարբեր թաղամասերի բնակիչներին տարհանվելու կոչ կանի, որից հետո հարվածներ կհասցնի ենթակառուցվածքներին և կառավարության շենքերին։
Գիշերն Իսրայելի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ։ Ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանների թիրախավորման հետևանքով վիրավորվել է 287 մարդ։
Իր հերթին, Իրանը հայտնել է, որ հունիսի 13-ից մեկնարկած իսրայելական հարձակումների ընթացքում երկրում զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ 1227-ը։ Նրանց 90%-ը քաղաքացիական անձինք են։ Իրանի առողջապահության նախարարությունը նշել է, որ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հակասում է իսրայելական այն պնդումներին, թե իրականացվել են «ճշգրիտ հարվածներ»։