Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուս պաշտոնյայի և 2 կազմակերպության նկատմամբ
Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։ Ցուցակը երեքշաբթի հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։
Դրանում, մասնավորապես, ներառվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Բացի այդ, ցուցակում կան ռուս գործարարներ, այդ թվում՝ Ռոտենբերգ եղբայրները, Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև երկու կազմակերպությունների՝ ինտերնետ հետազոտությունների գործակալության և Wagner PMC-ի նկատմամբ։
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունն արգելում է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան։
Ճապոնիայի ԱԳՆ-ն հրապարակել է նաև Բելառուսի դեմ պատժամիջոցների լրացուցիչ ցուցակը, որում ներառված են 12 ֆիզիկական անձինք և 10 բելառուսական ընկերություններ ու կազմակերպություններ։ Դրանում, մասնավորապես, ընդգրկվել են Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) ղեկավար Վիկտոր Լուկաշենկոն, Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Ճապոնիան արտահանման արգելք է սահմանել նաև Բելառուսի պաշտպանության նախարարության, այդ թվում՝ երկրի զինված ուժերի նկատմամբ։
Ճապոնիան ավելի վաղ հավանություն էր տվել արտահանման պատժամիջոցների կիրառմանը ռուսական 49 ընկերությունների և կազմակերպությունների, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Ռոստեկի», ԱԴԾ-ի և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ: Որոշվել է նաև սառեցնել Otkritie Bank, Novikombank, Sovcombank, VTB, Rossiya Bank, Promsvyazbank և VEB.RF-ի ակտիվները։ Բացի այդ, անձնական պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ։ Ցուցակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։