Սերբիայի փոխվարչապետը հայտնել է, թե որ դեպքում իր երկիրը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտնել է, թե որ դեպքում Սերբիան կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից:
՛՛Սերբիան պատրաստ է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու ծրագրերից, եթե բախվի պայմանների, որոնք նա չի կատարի։ Եթե այդ ճանապարհի վերջում մեզ սպասում է այսպես կոչված Կոսովոյի ճանաչում, նույնասեռ ամուսնությունների թույլտվության պարտավորություն կամ մասնակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ հակամարտությանը, մենք չպետք է գնանք այդ ճանապարհով՛՛,-մանրամասնել է նա:
Վուլինի խոսքով՝ Բելգրադը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին է, սակայն այդ գործընթացի արագությունը նրանից կախված չէ:
Նա նշել է, որ Սերբիայի իշխանությունները հավատարիմ կմնան ռազմական չեզոքությանը և բարեփոխումներին, որոնք համապատասխանում են երկրի շահերին: