շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել. փաստաբան

Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել. փաստաբան

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, ըստ որի՝ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Սաակաշվիլիի մոտ կովիդ է հաստատվել: Ինչպե՞ս: Բոլորս պաշտպանված ենք մտնում (տեսակցության- խմբ.)»: — գրել է Խաճապուրիձեն:

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն ևս հաստատել է Սաակաշվիլիի փաստաբանի պնդումը:

«Քանի որ վերջին երկու օրերին նրա մոտ նկատվել են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ, անհրաժեշտ է համարվել, նախ, արագ թեստ անել, իսկ հաստատվելուց հետո՝ PCR թեստ։ Ունեցել է հոդացավ, ընդհանուր թուլություն…Այս փուլում իրավիճակը լիովին կայուն է…»,- ասել է Չխաիձեն:

Ի դեպ, Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։

Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր:

Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է  Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

  • Կիսվել: