Ռուսաստանը փորձում է սառեցնել հակամարտությունը՝ գարնանը ավելի լայնածավալ հարձակում սկսելու համար. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է շարունակեն զենք մատակարարել Ուկրաինային։ Նրա կարծիքով՝ այժմ Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման համար նախապայմաններ չկան։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Ստոլտենբերգը կարծում է, որ ձմռանը հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ավելի հանգիստ փուլ։ Նա ակնկալում է, որ Մոսկվան և Կիևը կձգտեն «վերախմբավորել և վերազինել իրենց ուժերը»:
«Այժմ (հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար) նախապայմաններ չկան»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Financial Times-ի կողմից կազմակերպված Global Boardroom միջոցառմանը:
Նա բացատրել է, որ Ռուսաստանը «պատերազմի խաղաղ ավարտի ցանկություն չի ցուցաբերում» և «փորձում է սառեցնել» հակամարտությունը՝ «գարնանը ավելի լայնածավալ հարձակում սկսելու համար»։
«Որքան շատ ենք մենք ցանկանում (հակամարտության) խաղաղ լուծում, այնքան ավելի հրատապ է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Նոյեմբերի վերջին, Բուխարեստում կայացած հանդիպումից հետո, ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվեցին աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես նաև ավելի սերտ համագործակցել նրա հետ։