երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստվում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին խոսքերի և ինքնազմայլման հերթական հարթակի վերածելուն: Թող վայելեն միմյանց հետ շփումն՝ առանց Ռուսաստանի», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ արտաքին գերատեսչության՝ Ռուսաստանի ոչ բարեկամական պետությունները, չարաշահելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մեծամասնությունը, շարունակում են աշխարհի տվյալ հատվածում կազմակերպության և հումանիտար-իրավական տարածքի ոչնչացման գիծը։

«Իրադարձությունների ընթացքն անշրջելի է դառնում։ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող խարխլող գործողություններին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդ է մտել 1996 թվականի ձմռանը։ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Մոսկվայի անդամակցությունը։

 

  • Կիսվել: