չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսաստանն Իրանին առաջարկում է աննախադեպ մակարդակի ռազմատեխնիկական աջակցություն, ինչը վտանգավոր է Իրանի հարևանների համար. Սպիտակ տուն

Ռուսաստանն Իրանին առաջարկում է աննախադեպ մակարդակի ռազմատեխնիկական աջակցություն, ինչը վտանգավոր է Իրանի հարևանների համար. Սպիտակ տուն

Ռուսաստանը Իրանին աննախադեպ մակարդակի ռազմական օգնություն է տրամադրում Թեհրանի մարտական անօդաչու թռչող սարքերի դիմաց։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Նրա խոսքով` դա երկու երկրների հարաբերությունները վերածում է լիարժեք պաշտպանական գործընկերության։

«Ռուսաստանն Իրանին առաջարկում է աննախադեպ մակարդակի ռազմատեխնիկական աջակցություն, որը նրանց հարաբերությունները վերածում է լիարժեք պաշտպանական գործընկերության», - ասել է Քիրբին լրագրողներին:

«Այս գործընկերությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանում Իրանի հարևանների համար։ Մենք այս տեղեկատվությամբ կիսվել ենք Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի գործընկերների հետ»,- հավելել է նա:

Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական համագործակցությունը ներառում է Ռուսաստանի կողմից իրանցի օդաչուների ուսուցում Սու-35 կործանիչներով այս տարվա գարնանից, ասել է նա: Նա նշել է, որ դա «ցույց է տալիս, որ Իրանը կարող է սկսել այդ ինքնաթիռները ստանալ հաջորդ տարվա ընթացքում»։

«Այդ կործանիչները զգալիորեն կուժեղացնեն Իրանի ռազմաօդային ուժերը՝ համեմատած իր տարածաշրջանային հարևանների հետ»,- զգուշացրել է Քիրբին։

Ռուսաստանը նաև ծրագրում է Իրանին տրամադրել «առաջադեմ ռազմական բաղադրիչներ», ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ Կրեմլն արդեն կարող է Իրանին ուղղաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։

Նրա խոսքով՝ ռազմական տեխնիկայի հոսքը միակողմանի չէ:

«Իրանը Ռուսաստանին մատակարարում է անօդաչու սարքեր, որոնք Մոսկվան օգտագործել է Ուկրաինայի դեմ իր հարձակումն ուժեղացնելու համար»,- ասել է նա։

Քիրբիի խոսքով՝ մի քանի հարյուր մարտական անօդաչու թռչող սարքեր իրանական կողմից արդեն տեղափոխվել են Մոսկվա։

Միևնույն ժամանակ Իրանը դիտարկում է Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ վաճառելու հարցը, շարունակել է նա։

«Մենք նաև տեղեկություններ ունենք, որ Մոսկվան և Թեհրանը դիտարկում են Ռուսաստանում մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ գիծ ստեղծելու հնարավորությունը։ Մենք կոչ ենք անում Իրանին փոխել կուրսը և չգնալ այդ քայլերին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

  • Կիսվել: