շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանից գազի մատակարարման արգելքը կարող է խարխլել հասարակական կարգը Գերմանիայում. Ռոբերտ Հաբեկ

Ռուսաստանից գազի մատակարարման արգելքը կարող է խարխլել հասարակական կարգը Գերմանիայում. Ռոբերտ Հաբեկ

Մոտ ապագայում Ռուսաստանից գազի մատակարարման արգելքի սահմանումը կարող է խարխլել հասարակական կարգը Գերմանիայուm։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Westdeutsche Allgemeine Zeitung-ը։

«Գազի անհապաղ էմբարգոն կվտանգի սոցիալական խաղաղությունը Գերմանիայում։ Այսպիսով, մենք պետք է խոհեմ գործենք, զգույշ նախապատրաստենք քայլերը եւ կարողանանք հավատարիմ մնալ դրանց»,- ասել է նա, փոխանցում է ՌԲԿ-ն։

Նախարարը հայտնել է, որ Գերմանիայի գազի հանքավայրերը հիմնականում սպառված են։ Նրա կարծիքով՝ թերթաքարային գազի արդյունահանման հարցում կարող են դժվարություններ առաջանալ ջրային օրենսդրության առումով, քանի որ այն կարող է արտադրվել միայն պլաստի հիդրավլիկ ճեղքվածքի մեթոդով։ Հաբեկը նշել է, որ այժմ չկան նաեւ ընկերություններ, որոնք պատրաստ են դա անել։

Ընդ որում, նախարարը նշել է, որ ռուսական էներգակիրների աստիճանական մերժումը, այնուամենայնիվ, հնարավոր է, եւ Գերմանիայի կառավարությունը բավականին հաջող առաջ է շարժվում այդ ուղղությամբ։

Բացի այդ, Հաբեկը կոչ է արել գերմանացիներին նպաստել էներգախնայողությանն Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին։ Նրա խոսքով՝ «միշտ էլ կա 10 տոկոս խնայելու հնարավորություն»։ «Կան շատ պարզ միջոցներ, որոնք միասին շատ բան են տալիս: Նրանք սկսում են անձնական պահվածքից։ Եթե դուք տաքացնում եք բնակարանը եւ երեկոյան փակում եք վարագույրները, ապա խնայում եք էներգիայի մինչեւ հինգ տոկոսը։ Իսկ եթե սենյակում ջերմաստիճանը մեկ աստիճանով իջեցնեք, ապա կստանաք մոտ վեց տոկոս։ Դա կարող է այդքան էլ հարմար չլինել, բայց չեք սառչի»,- եզրափակեց նա։

  • Կիսվել: