ՌԴ-ում մտադիր են ներգաղթյալներին արգելել իրենց ընտանիքները տեղափոխել երկիր
Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն քաղաքականության հարցերի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ են նախապատրաստվում, «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է Интерфакс-ը։
Նա հայտարարել է, որ «աշխատանքի համար ՌԴ եկած անձը չի կարող հետը բերել ընտանիքի անդամներին»։ Վոլոդինի խոսքով՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է մշակվում, «և կա ըմբռնում, որ պատգամավորների մեծամասնությունը, անկախ խմբակցական պատկանելությունից, անպայման կաջակցի օրինագծին»:
Նա նաև հայտարարել է, որ նախաձեռնություն է մշակվում քաղաքացիություն ստանալու համար ամուսնացած լինելու ժամանակը մեծացնելու ուղղությամբ։
«Եթե առաջ մեկ տարի էր, հիմա երկու տարի է առաջարկվում։ Այս հարցը մենք լրացուցիչ կքննարկենք: Գուցե ոչ երկու տարի, գուցե երեք տարի, գուցե չորս տարի: Սա միայն կուժեղացնի ամուսնությունը: Եթե դա սիրո հողի վրա ամուսնություն է, ոչ թե ձևական ամուսնություն», - նշել է Վոլոդինը:
Ըստ նրա՝ համապատասխան օրենքի նախագիծն արդեն անցել է առաջին ընթերցմամբ։