ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարին խարդախության համար մեղադրանք է առաջադրվել
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ (ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մաս), հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, տեղեկացնում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ նա ձերբակալվել է օգոստոսի 29-ին՝ «Патриот» զբոսայգում աշխատանքներ իրականացնելու պատրվակով 30 միլիոն ռուբլի գողանալու կասկածանքով։ Մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:
Նախաքննությունը վարում են քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։ Ըստ քննիչների՝ Պոպովը ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի, «Патриот» մշակույթի և հանգստի զբոսայգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և այլ անձանց հետ հափշտակել է վերոնշյալ գումարը՝ չկատարված աշխատանքի դիմաց այն բյուջից դուրս գրելով։
Գերատեսչությունից հավելել են, որ մի շարք մեղադրյալներ ցուցմունքներ են տալիս և համագործակցում հետաքննության հետ։ Ախմեդովն ու Շեստերովը մտադիր են դատախազության հետ համագործակցության պայմանագրեր կնքել։
Պավել Պոպովի դեմ քրեական գործ հարուցելու մասին Քննչական կոմիտեն հայտարարել է օգոստոսի 29-ին։ Նախկին փոխնախարարի և նրա հարազատների մոտ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Կրասնոդարի երկրամասում հայտնաբերվել է ավելի քան 500 միլիոն ռուբլի անշարժ գույք։