կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն Բախմուտում պաշտպանությունից անցել է ակտիվ գործողությունների. Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար

ՌԴ-ն Բախմուտում պաշտպանությունից անցել է ակտիվ գործողությունների. Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար

Ռուսական զորքերն ուժեղացրել են իրենց խմբավորումը Դոնեցկի շրջանի Բախմուտի մերձակայքում և անցել ակտիվ մարտական գործողությունների։ Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիռսկին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արևելքում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը չի հրաժարվում հաջողության հասնելու փորձերից և ամեն օր գրոհում է մեր դիրքերը։ Առանձնակի ակտիվություն է ցուցաբերում Կուպյանսկի շրջանում, որտեղ փորձում է առաջ շարժվել միանգամից մի քանի ուղղություններով։ Բախմուտի շրջանում հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է իր խմբավորումը և պաշտպանությունից անցել ակտիվ գործողությունների»:

Ըստ Սիռսկիի՝ ռուս զինվորականներն օդադեսանտային ստորաբաժանումների միջոցով փորձում են կասեցնել ուկրաինական զորքերի առաջխաղացումը և վերականգնել կորցրած դիրքերը։

Նա նշել է, որ ռուսական բանակն իր գործողություններին աջակցում է ծանր հրետանային և ականանետային կրակոցներով։ «Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մշտապես աճում է»,- ասել է Սիռսկին:

Բացի այդ, նրա խոսքով, ռուս զինվորականները չեն հասնում իրենց նպատակներին և մեծ կորուստներ են կրում։

  • Կիսվել: